Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ կրքերը շարունակում են բորբոքվել, գրում է Yahoo News-ը՝ մանրամասնելով, որ 71-ամյա ղեկավարի մասին նրա անցյալի անհայտ էջերը բացահայտող նոր գիրք է գրվել:
«Ռուսական ռուլետկա. Պուտինի՝ Ամերիկայի դեմ հայտարարած պատերազմի և Դոնալդ Թրամփի ընտրվելու պատմությունը» վերնագրով գրքի հեղինակներ Մաթեր Ջոնսը, Մայքլ Իսկոֆն ու Դևիդ Քորնը բացահայտել են՝ ինչպես է Միացյալ Նահանգների ապագա նախագահը Մոսկվայում կազմակերպել «Միսս տիեզերք-2013» գեղեցկության մրցույթը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընկերանալու ինչ հույսեր է փայփայել, Լաս Վեգասի ամենահայտնի ակումբներից մեկում ինչպես է զվարճացել ռուսաստանաբնակ ադրբեջանցի օլիգարխների հետ, ինչպես է Մոսկվայում խնջույքի ժամանակ տարվել հայ դերասանուհու գեղեցկությամբ ու նրան գայթակղիչ առաջարկ արել:
Հեղինակների պնդման համաձայն՝ Միացյալ Նահանգների ապագա նախագահը 2013թ. Մոսկվայում կազմակերպված «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի անցկացումից առաջ Լաս Վեգասի հայտնի գիշերային ակումբներից մեկում լավ ժամանակ է անցկացրել ռուսաստանաբնակ ամենահարուստ ադբեջանցիներից մեկի՝ Արազ Աղալարովի որդու՝ Էմին Աղալարովի հետ: Իսկ նախքան այդ տեղի է ունեցել ընթրիք, որին ներկա են եղել հայր և որդի Աղալարովները, Թրամփի փաստաբանն ու մի շարք այլ մարդիկ:
Դրանից հետո նրանք ուղևորվել են սադոմազոխիստական ու այլասերված շոուներով հայտնի Act գիշերային ակումբ՝ «Միսս տիեզերք-2012»-ի տիտղոսակիր Օլիվիա Կալպոյի ու «Միսս ԱՄՆ-2012» ճանաչված Նանա Մերիուեզերի ուղեկցությամբ:
Թրամփը՝ Աղալարովների և Օլիվիա Կալպոյի հետ
Դրվագ ակումբում կազմակերպված շոուներից մեկից
The Daily Mail-ը նշում է, որ հայր և որդի Աղալարովները հետաքրքրված էին «Միսս տիեզերք-2013»-ը Մոսկվայում անցկացնելու հեռանկարով, քանի որ անցկացվելու դեպքում դա տեղի էր ունենալու իրենց պատկանող Crocus համերգասրահում՝ ապահովելով բազմամիլիոնանոց եկամուտ:
Մինչդեռ Թրամփը հետաքրքրքված էր Մոկսվայում կայանալիք մրցույթով, քանի որ նա մտադիր էր այնտեղ երկնաքեր կառուցել ու կարևոր գործարքներ կնքել:
Գրքի հեղինակներ Մաթեր Ջոնսի, Մայքլ Իսկոֆի ու Դևիդ Քորնի գրածի համաձայն՝ Թրամփը նշել է, որ հայր և որդի Աղալարովներն «ամբողջ Ռուսաստանի ամենահզոր ու հարուստ մարդիկ են»՝ չնայած, որ դա այդպես չէր:
Աղալարովների հետ
«Երբ գործը հասնում է Ռուսաստանում բիզնես վարելուն, ապա շատ դժվար է վստահելի մարդկանց գտնել: Ինձ թվում է՝ մենք շատ լավ հարաբերություններ կստեղծենք»,-երեկոյի ընթացքում Թրամփն ասել է Էմին Աղալարովին:
Հայտնի է, որ ակումբում անցկացրած խնջույքի հաջորդ օրը Թրամփը հայտարարել է գեղեցկության մրցույթը Մոսկվայում անցկացնելու որոշման մասին:
Yahoo News-ը հավելում է, որ մրցույթը Մոսկվայում անցկացնելու ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին որպես հյուր ունենալու նպատակը Թրամփին անհրաժեշտ էր միայն մի բանի համար. նա տարված էր Պուտինի հետ ծանոթանալու ու ընկերանալու մոլուցքով:
Ի վերջո, մրցույթը կայացել է: Դրան հաջորդել է խմիչքով ու բարձր երաժշտությամբ ուղեկցվող մեծ երեկույթը, որի ժամանակ Թրամփի ուշադրությունը գրավել է 26-ամյա հայ դերասանուհի Էդիտա Շահումյանը: Երիտասարդ հայուհին գտնվել է երեկույթի VIP գոտում, որտեղ էլ գրավել է ապագա նախագահի ուշադրությունը:
Թրամփը մոտեցել է Շահումյանին ու, մատով ցույց տալով այդ պահին բեմում ելույթ ունեցող ռեփեր Տիմատիին, հարցրել՝ «Նա Ձեր ընկե՞րն է: Դուք ազատ չե՞ք»: Շահումյանը պատասխանել է, որ Տիմատիի ընկերուհին չէ:
«Դուք գեղեցիկ եք, Ձեր աչքերը, աչքերը: Եկեք գնանք Ամերիկա, ինձ հետ Ամերիկա եկեք»,-շարունակել է Թրամփը:
ԱՄՆ-ի ամենահարուստ ու ազդեցիկ մարդկանցից մեկի գայթակղիչ առաջարկին հաջորդել է դերասանուհու պատասխանը.«Ոչ, ոչ, ոչ, ես հայ եմ, մենք շատ խստաբարո ենք: Նախևառաջ՝ Դուք պետք է հանդիպեք մորս հետ»:
Այդ պահին մեկ այլ կին մոտեցել է Թրամփին՝ ցանկանալով լուսանկարվել: Թրամփը բռնել է Շահումյանի ձեռքն ու խնդրել չգնալ, մնալ: Շահումյանը նրա հետ մի քանի սելֆի է արել, ու խոսակցությունն այդքանով ավարտվել է:
Նշվում է, որ հանդիպումից հետո Թրամփն ինչ-որ մեկի միջոցով իր այցեքարտն է փոխանցել հայուհուն, որը, ըստ աղբյուրի, այդպես էլ չի զանգահարել:
Տեսանյութն արվել է նշված խնջույքի ժամանակ: Էդիտա Շահումյանը երևում է 16-րդ վայրկյանին
Հետաքրքրական է նաև այն պնդումը, համաձայն որի Թրամփն անձամբ է ընտրել մրցույթի մասնակիցներին՝ նախապատվությունը տալով սպիտակամորթներին, իր խորհուրդներին հետևողներին, հարուստ ընկեր, հովանավոր կամ ազդեցիկ կապեր ունեցողներին, ինչպես նաև այն կանանց, որոնց ներկայացրած երկրներում Թրամփը բիզնես շահեր ունի:
Այս պնդումը հաստատել են այդ թվականի մրցույթին մասնակցած մի շարք կանայք: