Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է «Արմեն И Я» ֆիլմի պրեմիերայի մասին, որին մասնակցելու համար դերասան Միքայել Արամյանը ժամանել էր Հայաստան։ Ռուսական շոու բիզնեսում հաստատված 25–ամյա դերասանի հետ պրեմիերայից հետո Tert.am Life–ը զրուցել է ֆիլմի և Հայաստան այցի մասին։
Միքայելը պատմեց, որ նկարահանումները երկար են տևել, սակայն իրեն դուր է եկել ընթացքը։ Հրաշալի օրեր է անցկացրել։ Սա ևս մեկ հնարավորություն էր Երևանում լինելու։ Ամենամեծ բարդությունը, որ հաղթահարել է դերասանը, կապված է եղել հայոց լեզվի հետ։
«Ինձ համար մի քիչ բարդ էր, որովհետև ֆիլմում պետք է հայերեն խոսեի։ Առաջին անգամ էի նկարահանվում ֆիլմում, որտեղ բոլորը հայերեն էին խոսում։ Ես քիչ եմ հասկանում հայերեն։ Փորձում էի սովորել, անգիր անել տեքստերը։ Հայրիկիս և ընկերներիս հետ սովորում էի արտասանությունը, որպեսզի ճիշտ արտաբերեմ բառերը։ Դա ամենամեծ բարդությունն էր, միաժամանակ ավելի էր հետաքրքրացնում աշխատանքը»,– ասաց Միքայելը, ով ընտանիքի հետ Մոսկվա է տեղափոխվել, երբ 1 տարեկան էր։
Դերասանն իր առաջին քայլերն արել է Ռուսաստանում, երբ 12 տարեկան էր։ Նրան ճանաչում բերեց Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Лестница в небеса» սերիալը, որում մարմնավորում էր գլխավոր հերոսին՝ Արտյոմին։ Դերասանից հետաքրքրվեցինք, թե ինչ տարբերություններ կան հայկական և ռուսական թիմերի հետ աշխատանքների միջև։ Միքայելը նկատեց, որ տարբերությունները մեծ չեն, հատկապես, որ այս ֆիլմը նկարահանող ընկերությունը ռուսական էր։ «Այս դեպքում Հայաստանում նկարահանում էր ռուսական ընկերություն, ուղղակի անձնակազմում բոլորը հայրեր էին, թեև Մոսկվայում ևս բոլորը հայեր են։)»,– նկատեց նա։
Նրան դուր է եկել դերասանական կազմի հետ աշխատանքը։ Միքայելը նկատեց, որ խաղընկերների հետ շատ լավ հարաբերություններ ունի, բոլորը պրոֆեսիոնալ էին։ Ոմանց հետ նա վաղուց էր ծանոթ, ոմանց հետ ծանոթացել է նախագծի շրջանակում։
Ֆիլմի առավելություններն ու թերությունները գնահատել դերասանը դժվարացավ։ Նախ` կատակեց, որ իրեն վճարում են թերությունները չասելու համար, ապա բացատրեց, որ առաջին անգամ էր դիտում ֆիլմի վերջնական տարբերակը, տպավորությունները դեռևս էմոցիոնալ են։
Ամբողջությամբ՝ life.tert.am