Այս ֆուտբոլիստները կենտրոնացած են ոչ միայն ֆուտբոլի վրա, այլև մտածում են կարիերան ավարտելուց հետո իրենց կյանքի մասին: Մինչև շատ փորձառու ֆուտբոլիստներ տեղափոխվում են ԱՄԷ, Չինաստան կամ ԱՄՆ, այս ֆուտբոլիստները զբաղվում են բիզնեսով:
- Մատյո Ֆլամինի- գտել է նավթի այլընտրանքային տարբերակը
Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի նախկին կիսապաշտպանն արդեն իսկ կարող է չմտածել իր ապագայի մասին, քանի որ, եթե ֆուտբոլը նրան չդարձնի միլիոնատեր, ապա իր ընկերությունը՝ GF Biochemicals-ը, ամենայն հավանականությամբ, նրան կդարձնի միլիարդատեր:
8 տարի առաջ Մատյոն գումար ներդրեց բիովառելիքի պատրաստման նոր տեխնոլոգիաների զարգացման համար: Մասնագետները նշում են, որ այս նոր վառելիքը շատ շուտով շուկայից դուրս կմղի նավթը:
«Ես միշտ մոտ եմ եղել բնությանը և լրջորեն անհանգստանում եմ էկոլոգիական խնդիրներով, գլոբալ տաքացմամբ,- նշում է Ֆլամինին,- իմ գործընկերը՝ Պասկուալը, ևս շատ անհանգստացած է, այդ իսկ պատճառով մենք սկսեցինք համագործակցել: Մենք բացեցինք նոր շուկա, որի արժույթը կարող է հասնել 30 միլիարդ դոլարի: Ոչ մի արտասովոր բան, պարզապես բիզնես»:
- Անդրես Ինիեստա- գինեգործություն
Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Անդրես Ինիեստան ոչ միայն աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է, այլև հայտնի գինեգործ: Մի քանի տարի առաջ Ինիեստան 10 միլիոն դոլար ներդրեց իր հայրենի քաղաքի՝ Ֆուենտեալբիլիայի խաղողի այգիներում և սկսեց գինու արտադրություն:
Իր բիզնեսին Ինիեստան վերաբերվում է այնքան լուրջ, որքան ֆուտբոլին: Ամեն տարի արտադրվում է 700 հազար շիշ կարմիր, սպիտակ և վարդագույն գինի: Բրենդը կոչվում է Bodega Iniesta: Գինու տեսակներից մեկը կոչվել է Ինիեստայի աղջկա՝ Վալերիայի անունով: Գինիները վաճառվում են ոչ միայն Իսպանիայում, այլև Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում:
- Սթիվեն Ջերրարդ- բար՝ հիփսթերների համար
«Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերրարդը ներդրել է իր խնայողությունները ռեստորանային բիզնեսում: Այս քայլին նա գնաց 6 տարի առաջ, երբ դեռ ակտիվորեն զբաղվում էր ֆուտբոլով:
Սթիվենը դարձավ իր սիրելի Warehouse Brasserie ռեստորանի սեփականատերն իր հարազատ Սաութպորտ քաղաքում: Հասարակ խորտկարանից Սթիվենն ու իր գործընկերը ստեղծեցին շատ հայտնի և բարձրակարգ ռեստորան:
«Ես պարբերաբար լինում էի այստեղ, քանի որ ինձ դուր էր գալիս սնունդը, որը այստեղ մատուցում էին: Դուր էր գալիս նաև մթնոլորտը»,- պատմում է ֆուտբոլիստը:
Սակայն սա Սթիվենի միակ բիզնեսը չէ: Նա գնել է նաև բար՝ հիփսթերների համար՝ Warehouse Kitchen & Bar:
- «Մանչեսթեր Յունայթեդի» աստղեր- ֆուտբոլային հյուրանոց
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մի քանի աստղեր՝ Ռայան Գիգզը, Ֆիլ և Գարի Նևիլները, Պոլ Սքոուլզը և Նիկի Բաթը, «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտին շատ մոտ կառուցել են հյուրանոց, որն անվանվել է շատ պարզ՝ Ֆուտբոլ:
Ֆուտբոլային աստղերը նշում են, որ այս հյուրանոցը բոլոր այն երկրպագուների և ֆուտբոլիստների համար է, ովքեր դիտում են մանչեսթերյան ակումբի խաղերը մարզադաշտից:
- Գատուզո- ձկան խանութ
Իտալական «Միլանի» նախկին ֆուտբոլիստ և ներկայիս մարզիչ Ջենարո Գատուզոն փոքր տարիքից շատ է սիրել ձուկ և միշտ ցանկացել է աշխատել ձկան խանութում: Տարիներն անցնում էին, իսկ Գատուզոն չէր մոռանում իր երազանքի մասին:
2010 թվականին Գատուզոն գնեց ձկան խանութ Իտալիայի հարավում և անվանեց այն «Գատուզոն և Բյանկին»: Գատուզոյի գործընկերը դարձավ նրա ընկեր Անդրեա Բյանկին:
Սիրարփի Աղաբաբյան