Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» մշակութային աջակցության հիմնադրամի 150-րդ աշխատանքային նիստը, որը կտևի մարտի 12-16-ը, կանցկացվի Երևանում: Նիստում կքննարկվի և կուսումնասիրվի հիմնադրամի անդամ 38 երկրների ներկայացրած 54 կինոնախագիծ: Հիմնադրամի ֆինանսական հնարավորություններին համապատասխան կընտրվեն և կֆինանսավորվեն քննարկվող նախագծերից լավագույնները:
Մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն ասաց, որ Հայաստանում Եվրիմաժի 150-րդ նիստի անցկացումը խորհրդանշական է: «Այս տարի մեր երկրում նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն է անցկացվելու, և այս միջոցառումը լրացնում է դրան»,- նշեց փոխնախարարը:
«Եվրիմաժում» Հայաստանի ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանի խոսքով` «Եվրիմաժ»-ին անդամակցելը Հայաստանին հնարավորություն է տալիս ավելի ճանաչելի դառնալ, ներկայացնել մեր երկրի ներուժը:
«Ինչպես «Ոսկե ծիրան» կինոփառատոնի, այնպես էլ կինոարվեստին վերաբերող այլ միջոցառումների շնորհիվ փորձում ենք պատրաստել փաթեթներ, մասնագետներ, որոնք կարող են մրցունակ նախագծեր ներկայացնել Եվրիմաժում: Կարծում եմ` մենք որոշ չափով հաջողել ենք, քանի որ 2017 թվականին Եվրիմաժից ֆինանսավորում են ստացել երկու համատեղ արտադրության կինոնախագծեր. ռեժիսոր Ալեքսանդր Կոտի հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմը (250 000 եվրո) և ռուս-ֆրանս-հայկական «Ֆաբրիկա» նախագիծը, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Յուրի Բիկովն է: Հայկական կողմից այս ծրագրին մասնակցում է «Շարմ» ընկերությունը (20 000 եվրո)»,-շեշտեց նա:
Սուսաննա Հարությունյանի խոսքով` Եվրիմաժում շատ լավ է դիտվել այն փաստը, որ Հայաստանից մասնավոր կողմ էլ է ֆինանսավորում կինոնախագծին:
«Կա մի նախագիծ, որը քննարկվելու է այս փուլում: Խոսքը Արամ Խաչատրյանի մասին պատմող «Սուսերով պար» ֆիլմի մասին է, որի ռեժիսորն ու սցենարիստը Յուսուպ Ռազիկովն է, ֆիլմի արտադրողը՝ Ռուբեն Դիշդիշյանի «Մարս Մեդիա» կինոընկերությունը, իսկ հայկական կողմից պրոդյուսերը՝ Կարեն Ղազարյանը»,-ասաց Հարությունյանը:
«Եվրիմաժում» Հայաստանի ներկայացուցիչ Վրեժ Քասունին նշեց, որ մեր նպատակը ինչպես վավերագրական, գեղարվեստական, այնպես էլ` անիմացիոն ֆիլմերի նախագծերը զարգացնելն է: Նա հույս հայտնեց, որ շուտով նաև անիմացիոն կինոնկարների լավ նախագծեր կունենանք և կներկայացնենք Եվրիմաժում: