Ֆիլմի ողջ ընթացքում շատ բարդ տեսարաններ եմ ունեցել, տառապանքներ, ծանր ապրումներ. Էվա Խաչատրյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ֆիլմի ողջ ընթացքում շատ բարդ տեսարաններ եմ ունեցել, տառապանքներ, ծանր ապրումներ. Էվա Խաչատրյան. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցը դերասանուհի Էվա Խաչատրյանն է, ով արդեն մեկ տարուց ավելի է, ինչ նկարահանվում է «Կայարան» հեռուստասերիալում: Ի դեպ՝ վերոնշյալ նախագիծն արդեն մոտենում է իր հանգուցալուծմանը: Մեզ հետ զրույցում Էվան նշեց, որ սերիալում իր հերոսուհուն համակրողները սրտնեղելու պատճառ կունենան, քանի որ ըստ սցենարի նա ինքնասպասնություն է գործելու:

««Կայարան» սերիալը շատ մեծ վարկանիշ ունի, և ես դրա համար շատ ուրախ եմ, որովհետև ինքս եղել եմ դրա ապահովման հիմքում. բացի գլխավոր հերոսներից այս սերիալում գործում էին կերպարներ, որոնք անմիջական ներգործություն ունեին սյուժետային կտրուկ և շրջադաձային զարգացումների մեջ: Ըստ սցենարիստի՝ նախատեսված է, որ իմ կերպարը պետք է ինսքնասպան լինի, այս դեպքում, կարծում եմ, արդարացված է, որովհետև նա աղջիկ է, ով կորցրել է ամեն ինչ, այլևս չունի ապրելու շարժիչ ուժ: Չկան սիրած տղան, ծնողները, եղբայրն էլ համարյա թշնամին է: Ֆիլմի ընթացքում իմ կերպարը շատ խոցվեց և տանջվեց, ինչը նրան բերում է ոչ ճիշտ հոգեկան վիճակի»,- պատմեց դերասանուհին, իսկ հարցին, թե հանդիսատեսը նման կտրուկ հանգուցալուծմամբ արդյոք չի հիասթափվի Էվա կերպարից, դերասանուհին ասաց.

«Անձամբ ես կցանկանայի, որ սերիալում իմ կերպարի ճակատագիրը դրական հանգուցալուծում ստանար: Ֆիլմի ողջ ընթացքում շատ բարդ տեսարաններ եմ ունեցել, տառապանքներ, ծանր ապրումներ, իսկ ամիսներ առաջ, ըստ սցենարի, հերոսուհիս երեխայի էր սպասում, բայց կորցրեց: Օրինակ, եթե սցենարը ես գրեի, կուզեի, որ հերոսուհիս երեխային չկորցներ, որպեսզի սիրած մարդու մահից հետո երեխայի տեսքով շարունակություն լիներ և ոչ թե կորուստ, բայց սցենարիստը այլ մարդ է, և նա այլ կերպ է տեսնում կերպարի շարունակությունը»:

Խոսելով թատրոնային գործունեության մասին՝ Էվա Խաչատյանը պատմեց.

«Նախկին երեք ամսվա ընթացքում ես շատ ծանր և ծավալուն գործունեություն եմ ունեցել թատրոնում, քանի որ պատրաստում էինք միանգամից երեք ներկայացում: Դա իրենից ենթադրում է դաժան գրաֆիկ՝ օր ու գիշեր լուսացնելով թատրոնում: Դրանք էին «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացումը, մյուսը՝ «Cabaret restart», ներկայացումը, որի պրեմիերան եղավ փետրվարի 22-ին և «Սև արկղ» ներկայացումը, որի պրեմիերան նախատեսվում է մարտի 14-ին: Այսպիով, կարելի է ասել, որ նախորդ երեք ամիսները նվիրել եմ թատրոնին: Լավ է, որ այս ծանրաբեռնվածությունը թատրոնում էր, որովհետև կարևոր է, որ դու այնտեղ լինես, որտեղ պետք ես»:

Ինչ վերաբերում է առաջիկայում հեռուստատեսային նախագծերում զբաղվածությանն, ապա դերասանուհին ասաց, որ այս պահին առաջարկներ չկան: Նա անկեղծ խոստովանեց, որ երբեք չի մտածում, թե տվյալ նախագծից հետո, հաջորդիվ ինչ կեպարով կցանկանա ներկայանալ.

«Կարծում եմ, որ տարբերվելու շնորքը դերասանից է գալիս, եթե ունես տաղանդ, որ կարողանաս ստեղծագործել ուրիշ կերպ և ուրիշ ոգով, ապա դու կանես դա: Դերասանն այնպիսինն է, ինպիսին կա, նա չի կարող հեռանալ իրենից, եթե արտաքնապես կտրուկ փոփոխություն չի արվում, հետևաբար, կարևորը կերպարի ողնաշարն է, և եթե դու ուրիշ ողնաշար ես տեղադրում ու հորինում ուրիշ ապրելակերպ տվյալ կերպարի համար, ապա, իմ կարծիքով, սկսում ես կամաց-կամաց հիմքը գցել՝ կառուցելով նոր կերպարը, իսկ սերիալի դեպքում կերպարն ավելի ամբողջական ու հետաքրքիր է դառնում ժամանակի ընթացքում»,- նկատեց նա:

Դերասանուհին խոստովանեց, որ երբ առաջարկ է ստանում, ամենառաջինն ուշադրություն է դարձնում թիմին.

«Շատ կարևորում եմ այն թիմը, որի հետ ես պետք է աշխատեմ: Ինձ համար կարևոր է խմբի որակը, տեսակը և նպատակը: Բացի այդ, կարևորում եմ նաև, թե ինչի մասին է ֆիլմը, ինչ զարգացում կունենա կերպարս: Ցավոք սրտի, պետք է ասեմ, որ ընտրության լայն հնարավորություն ոչ մեկս չունի, այսինքն՝ առաջարկներն այնքան շատ չեն, որ նստես ու մտածես՝ որն ընտրես, երբեմն լինում է, որ աշխատանքի կարիք ունես, սիրում ես գործդ և ուզում ես ընթացքի մեջ լինել, որոշակի զիջումների գնալով, իհարկե, չվնասելով ինքդ քեզ, ընդունում ես ստացված առաջարկը: Անշուշտ, կցանկանայի բազմաթիվ առաջարկներ լինեին և բոլոր դերասանները հնարավորություն ունենային ընտրելու՝ որտեղ կուզեին իրենք լինել, որովհետև այդպես ավելի հետաքրքիր և որակապես լավ արդյունք կստացվեր»,- ավարտեց Էվա Խաչատրյանը:

life.panorama.am



Նման նյութեր