Դերասանուհի Անատի Սաքանյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Անատին պատմեց վերջերս Թուրքիա մեկնելու և այնտեղ անցկացրած օրերի մասին, ի դեպ՝ դերասանուհին մեզ հետ զրուցել է Մոսկվա թռիչքից րոպեներ առաջ՝ հենց ինքնաթիռից, իսկ Մոսկվա մեկնում էր՝ որպես կոսմետոլոգ և դիմահարդար վերապատրաստման դասընթացներ անցնելու:
«Շատերը գիտեն, որ ինչ մտերիմ ընկերուհիս՝ Մարիամ Մելիքյանն ամուսնացել է և տեղափոխվել է Թուրքիա, ես շատ հաճախ եմ մեկնում այնտեղ՝ նրան այցելելու: Սակայն ամեն անգամ թռիչքներս պլանավորված են եղել, իսկ այս անգամ որոշումս ընդամենը մեկ օրում կայացրի: Մարիամը փոքր-ինչ վատառողջ էր և մեր հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ շատ կուզեր այդ պահին իր կողքին լինեի, ես էլ որոշեց ուրախացնել ընկերուհուս: Հաջորդ օրն իսկ տոմս գնեցի, պայմանավորվեցի այնտես ապրող մյուս ընկերուհուս հետ, որպեսզի գար օդանավակայան՝ ինձ դիմավորելու, և մեկնեցի Թուրքիա»,- պատմեց Անատին ու խոսեց իր և Մարիամի հուզիչ հանդիպման մասին.
«Զավեշտալին այն էր, որ, երբ առավոտյան հասա Թուրքիա եի գնացի Մարիամենց տուն, նա քնած էր և որքան էլ դուռը թակեցի ու նրան զանգեցի, միևնույն է, չպատասխանեց: Արդյունքում ստիպված եղա մի քանի ժամով գնալ մյուս ընկերուհուս տուն: Իսկ երբ կրկին վերադարձա Մարիամենց տուն ու զանգը տվեցի, նա դուռը բաց արեց, ինձ տեսավ ու մենք սկսեցինք բարձր ձայնով լաց լինել: Շատ հուզիչ էր այդ պահը, մենք գրկել էինք իրար ու լաց էինք լինում, քանի որ և անսպասելի էր իր համար մեր հանդիպումը, և շատ սպասված, քանի որ իրար կարիքը շատ էինք զգում: Մենք չենք կարողանում երկար ժամանակ իրարից հեռու մնանք»,- նշեց նա:
Անատին նկատեց, որ Մարիամի հետ երբեք ժամանակն անիմաստ չի անցնում:
«Երբ մենք միասին ենք, պարտադիր մի հետաքրքրություն գտնում ենք: Կարող ենք մեծ սիրով ու ժամերով համեղ, երբեմն էլ չստացված ուտեստներ պատրաստել, հետո երկար մտածել, թե ինչ հագցնենք Մարիամի դստերը, հետո շրջել քաղաքում ու հետաքրքիր վայրեր այցելել: Սակայն ուզում եմ շեշտել, որ մենք միասին այնքան լավ ենք զգում, որ կարող ենք անգամ տնից դուրս չգանք, բայց, միևնույն է, լավ ժամանակ անցկացնենք»,- ասաց Անատին:
Ի դեպ՝ դերասանուհին նշեց նաև, որ Մարիամ Մելիքյանի ամուսինը շատ հյուրընկալ է և փորձում է անել ամեն ինչ, ոպեսզի ինքն ու ընկերուհին միասին հետաքրքիր օրեր անցկացնեն:
Հարցին, թե Անատին հավանե՞լ է Թուրքիան, պատասխանեց.
«Թուրքիայում, ավելի կոնկրետ Ստամբուլում կան և գեղեցիկ, և անհետաքրքիր վայրեր: Սակայն այնտեղ ինձ մեկ այլ բան է գրավել. Բնակիչները աննկարագրելի հյուրընկալ են, իսկ երբ իմանում են, որ հայ ես, առավել ջերմորեն են քեզ վերաբերվում: Հենց մտնում ես որևէ խանութ, նրանք անմիջապես թեյ ու սուրճ են առաջարկում, ժպիտով սպասարկում են ու ճանապարհում»:
Անատի Սաքանյանը խոսեց նաև հաճախակի ճանապարհորդություններից և Մոսկվա մեկնելու նպատակի մասին:
«Զարմանում եմ, երբ մարդիկ ասում են, թե դժվար են թռիչքներ տանում: Ես պարզապես հաճույք եմ ստանում, որևէ տեղ մեկնելուց, այդ ամբողջ պրոցեսից: Հիմա ընդամենը մի քանի օրով եմ մեկնում Մոսկվա՝ հատուկ վերապատրաստման, քանի որ ուզում եմ գիտելիքներս անընդհատ խորացնել և զարգացնել կոսմետոլոգիական ոլորտում»,- նշեց նա:
Վերջում դերասանուհին անդրադարձավ նաև իր մասնակցությամբ հեռուստասերիալին, որը շուտով եթերում կլինի:
«Նկարահանվել եմ 25 մասանի «Ավազե դղյակ» հեռուստասերիալում, որը հավանաբար մոտ ապագայում կցուցադրվի: Այստեղ բավականին դրական ու հետաքրքիր կերպար եմ մարմնավորել, ով գլխավոր հերոսուհին չէ, սակայն սյուժետային կտրուկ շրջադարձերի գործող մասնակիցներից է: Այս նախագծից զատ նկարահանվել եմ նաև սկետչներում, որոնք հայկական հեռուստաընկերություններով չեն ցուցադրվելու, փոխարենն այն հասանելի կլինի YouTube-ում»,- ավարտեց Անատի Սաքանյանը: