Կումսիշվիլի. 2017-ին Վրաստանն օտարերկրյա ներդրումների ռեկորդային ծավալ է գրանցել
Advertisement 1000 x 90

Կումսիշվիլի. 2017-ին Վրաստանն օտարերկրյա ներդրումների ռեկորդային ծավալ է գրանցել

2017թ. Վրաստանն օտարերկրյա ուղղակի ներդրումների ռեկորդային ծավալ է գրանցել՝ $1,861 մլրդ, ինչը 16,2%-ով ($259,1 մլն-ով) գերազանցում է 2016թ. ցուցանիշը: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, Տնտեսության կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին: Մինչ այս ռեկորդային էր համարվում 2014թ. ցուցանիշը, երբ Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել էր $1,818 մլրդ:

Անցած տարի օտարերկրյա ուղղակի ներդրումների զգալի աճ է գրանցվել շինարարության ոլորտում՝ $294,6 մլն (114% աճ): Ֆինանսական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է $304,3 մլն (98% աճ), էներգետիկայի ոլորտում՝ $188,6 մլն (61% աճ): Անշարժ գույքի ոլորտում ներդրումների ծավալը կազմել է $159,8 մլն, ինչը 68%-ով գերազանցում է 2016թ. ցուցանիշը, իսկ հյուրանոցային և ռեստորանային ոլորտում՝ $90 մլն (58% աճ): Օտարերկրյա ուղղակի ներդրումների աճ է գրանցվել նաև գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և վերամշակող արդյունաբերության ոլորտներում: Տնտեսության իրական հատվածում 2017թ. ներդրումներն ավելացել են 39,3%-ով՝ կազմելով $615,5 մլն:

«Տնտեսության իրական սեկտորում արված ներդրումները նպաստում են երկրում նոր տեխնոլոգիաների աճին, արտադրողականության ավելացմանը: Այս ամենը դրական ազդեցություն է թողնում զբաղվածության և արտահանման ոլորտներում»,- նշել է փոխվարչապետը:

newsgeorgia.ge