Շուշան Երիցյանը՝ սիրված լինելու մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Շուշան Երիցյանը՝ սիրված լինելու մասին. life.panorama.am

Կանանց մեկամսյակին նվիրված Life.panorama.am-ի՝ «Ե՞րբ է կինը երջանիկ» շարքի զրուցակիցն է մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանը:

Խոսելով կնոջ երջանկության մասին՝ Շուշանն ասաց, որ իր համար առաջին հերթին կարևոր է սիրված լինելու փաստը. «Ինձ համար կինը երջանիկ է, երբ մշտապես սիրված է, քանի որ մեզ համար ամենամեծ նվերը միշտ սիրված լինելու զգացողությունն է, երբ քեզ միշտ սիրում են և դրա պակասը չես զգում: Նրա խոսքով՝ սերն ամենամեծ էներգետիկան ունի և կյանքում սեր ապրելու շնորհիվ է, որ ունենում ես ամենալավ, ամենակարևոր, ամենագեղեցիկ զգացողությունները: Ես չեմ խոսում միայն կին-տղամարդ սիրո մասին, այլ, առհասարակ, դու կարող ես սիրել ընտանիքիդ անդամին, ընկերներիդ, երկրպագուներիդ, կյանքը, կենցաղը»,- նշեց դերասանուհին՝ ավելացնելով. «Երբ դու սիրում ու սիրված ես անշահախնդիր, սեր ես ստանում, դա այն էներգիայի շրջանառությունն է, որի շնորհիվ կյանքդ դառնում է լիարժեք, իսկ դու՝ երջանիկ: Հենց դրա շնորհիվ է, որ քեզ գոհ, բավարարված, լիարժեք ես զգում»:

Անդրադառնալով կին-տղամարդ սիրո և հնարավոր հիսաթափություններին և բաժանումներին՝ Շուշան Երիցյանն ասաց, որ որքան էլ գուցե շատերի համար տարօրինակ հնչի, բայց ինքը երբեք չի հիասթափվում. «Երբեք չեմ զղջում որևէ զգացմունքի համար, մանավանդ՝ դրական, իսկ երբ սերն անցնում է, դա ոչ թե հիասթափություն եմ համարում, այլ՝ զգացմունքի ավարտ, այն ուղղակի սպառվում է: Դրա համար ոչ մեկի չեմ մեղադրում ու չեմ զղջում: Ես երբեք ոչ մեկի հանդեպ բացասական չեմ տրամադրվում, ուղղակի այլևս ոչ մի տեսակի զգացմունք չեմ ապրում, բայց պետք է ասեմ, որ այդպես շատ քիչ է լինում»,- շեշտեց Շուշանը:

Իսկ հարցին, թե ինքն իրեն պայքարող տեսակ համարո՞ւմ է, կարո՞ղ է հանուն սիրո մինչև վերջ պայքարել, Շուշան Երիցյանը պատասխանեց. «Առահասարակ, իմ կյանքում պայքար, որպես այդպիսին, գրեթե չէր եղել, որովհետև ես իմ տեսակով այնպիսինն եմ, որ կարողանում եմ իմ շուրջը ներդաշնակություն ստեղծել, այսինքն՝ ոչ մի հարաբերությունում պայքարելու առիթ չի եղել, միշտ եղել է ներդաշնակություն: Կարող են բացառիկ դեպքեր լինեն ողջ կյանքի ընթացքում: Միշտ եղել է հանգիստ հարաբերություն, իսկ եթե արդեն ավարտվել է, ապա շատ հանգիստ ու առանց սկանդալների, բայց դա էլ կարելի է բացառիկ որակել, որովհետև իմ կյանքում ինչ սկսվել է, շարունակվել է: Իմ կյանքում շատ քիչ է եղել, որ ինչ-որ դրական բան ավարտվի»,- մանրամասնեց մոդելը:

Վերջինիս խոսքով՝ իր համար տղամարդու մեջ ամենակարևորն այն է, որ նա լինի իսկական անհատականություն, ունենա տարբերվող տեսակ, ունենա ոչ ստանդարտ մտածելակերպ. «Տղամարդը թելադրող պետք է լինի, ոչ թե՝ հասարակությունը կամ իրավիճակը: Տղամարդը նաև իր խոսքի տերը պետք է լինի, պատասխանատվության զգուցում ունենա, լինի բարի, որովհետև տղամարդու էներգետիկան ինձ համար շատ կարևոր է, եթե նա պարամետրերով լինի իդեալական, սակայն ինձ համար ունենա բացասական աուրա, ապա ես մեկ վայրկյան իսկ չեմ կարող նման մարդու հետ շփվել: Նաև տղամարդը պետք է լինի ինտելեկտուալ, ունենա տարբեր հետաքրքրություններ»,- նկատեց Շուշան Երիցյանը:

Ինչ վերաբերում է իր առավելություններին, որոնք կարող են տղամարդուն գերել, Շուշան Երիցյանն ասաց, որ ներկայում շատ շատ են թե՛ գեղեցիկ, թե՛ բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած աղջիկները, և դրանով արդեն չես զարմացնի որևէ տղամարդու. «Պետք է ունենալ ներքին լույս, ներքին խարիզմա, հարուստ ներաշխարհ, նաև ինքդ պետք է սիրես քո ներաշխարհը: Եթե մեկ այլ հատկանիշի համար քեզ հավանում են, դա չի կարող անկեղծ ու իսկական լինել: Ես չեմ ասում իմ ներաշխարհը լավն է կամ վատն է, բայց ընդամենն իմ ներաշխարհով կարող եմ գրավել», – ասաց դերասանուհին:

Ինչպես պատմեց Շուշանը, ինքն այս պահին իրեն անսահման երջանիկ մարդ է համարում. «Ես ինձ հիմա համարում եմ անսահման երջանիկ մարդ, քանի որ իմ կյանքում ես ունեմ այն, ինչ ինձ երջանկացնում է: Ես գնահատում եմ այն, ինչ կա իմ կյանքում, նույնիսկ ամենամանր բանը, սակայն կարծում եմ, որ կյանքի ամեն էտապում մարդու երջակությունն աստիճանական է ու յուրովի: Բայց, բնականաբար, կատարյալ երջանիկ կլինեմ, երբ ունենամ իմ ընտանիքը, իմ երեխաները: Սակայն այս կետում էլ ես իմ կյանքից շատ գոհ եմ և ամեն օր շնորհակալ եմ»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Շուշան Երիցյանը:

life.panorama.am



Նման նյութեր