Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի կրտսեր որդին` Ռոբերտոն, վաղը կդառնա 1 տարեկան։ Այս առթիվ ծնողները հիշարժան նվեր են պատրաստել փոքրիկի համար` երգ ու տեսահոլովակ, որի առաջին մանրամասները վստահել են Tert.am Life–ին։
Գրիգորը պատմեց, որ սպասվում է հետաքրքիր տեսահոլովակ, որտեղ փոքրիկ Ռոբերտոյի մասնակցությունը շատ քիչ է։ Սյուժեի մտահղացումն Արամայիս Հայրապետյանինն է, ռեժիսորը Կարեն Ամյանն է։ Տեսահոլովակը ցույց է տալիս, որ հոբելյարների երազանքներն իրականանում են։ Ըստ սյուժետային գծի` նկարահանվել են տարբեր տարիքային խմբի և տեսակի մարդիկ։ Նրանց թվում է եղել նաև դերասան Ռաֆայել Երանոսյանը։ «Բոլորը վառ կերպարներն են, յուրաքանչյուրը ներկայանում է երկու կերպարով։ Երբ Ռաֆոյին ասացի, որ ցանկանում ենք ինքն էլ նկարահանվի, կես խոսքից համաձայնեց»,- ասաց Գրիգորն ու հավելեց, որ տեսահոլովակի մյուս հերոսներին մարմնավորում են իրենց ստուդիայի սաները, կան նաև 2 հրավիրված դերասան, ովքեր առանձնանում են իրենց տեսակով։ Եղբորը նվիրված տեսահոլովակում նկարահանվել է նաև Ալբերտոն։
Ռոբերտոյի 1-ամյակի առթիվ ծնողները խնջույք չեն կազմակերպել։ Դերասանը նկատեց, որ ծննդյան տարեդարձը նշելն ինքնանպատակ չպետք է լինի։ «Նման արարողություններ կազմակերպվում են, որպեսզի երեխաներն իրենց լավ զգան, սակայն Ռոբերտոն դեռ փոքր է և չի հասկանալու, որ դա իր օրն է, ի՞նչ իմաստ ունի խնջույք կազմակերպել։ Փոխարենը, եթե այս տեսահոլովակը դիտի, օրինակ, 10 տարի անց, կհասկանա, որ սա իր 1-ամյակին նվիրված աշխատանք էր»։
Թե ինչպես անցավ ժամանակն ու Ռոբերտոն դարձավ 1 տարեկան, ծնողները չնկատեցին, սակայն այս 1 տարում փոքրիկը հասցրել է ոգեշնչման աղբյուր լինել ընտանիքի համար։ «Ռոբերտոն շատ պոզիտիվ երեխա է։ Նամռոտ, պրոբլեմատիկ երեխա չէ։ Տեսահոլովակում իր մասնակցությամբ մի կադր է ներառված, բայց այնպիսի ժպիտ ունի, որ լիքը էներգիա է տալիս։ Մոնտաժի ժամանակ ամեն անգամ այդ մի կադրը տեսնելիս մեծ էներգիա ենք ստանում։ Շատ ուրախ երեխա է, միշտ ուզում է իր հետ խաղաս։ Նույնիսկ, երբ շատ հոգնած գալիս եմ տուն, միանգամից էներգիա է տալիս, կարծես լիցքավորվեմ»,- նշեց նա։