Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում վաղը Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում կմրցի «Միլանի» հետ: Հիշեցնենք, որ այս թիմերի միջև մարտի 8-ին «Սան Սիրո» մարզադաշտում տեղի ունեցած մրցավեճն ավարտվել էր «Արսենալի» հաղթանակով՝ 2:0 հաշվով:
Թվում է, թե «Արսենալի» մասնակցությունը քառորդ եզրափակչում արդեն իսկ ապահովված է: Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնենք, որ «Արսենալը» վերջին շրջանում աչքի է ընկնում անկայուն խաղով, ինչը առիթ էր հանդիսացել երկրպագուների կողմից տնային հանդիպումները բոյկոտելու: Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել էր շվեդական «Էսթերսունդին»: Պատասխան խաղում շվեդական թիմին հաջողվեց 2 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, իսկ «Արսենալը» կարողացավ միայն մեկ գոլով պատասխանել:
Հիշեցնենք, որ «Միլանի» հետ առաջին հանդիպումը բեկումնային եղավ «Արսենալի» համար, որը մինչ այդ 4 անընդմեջ պարտություն էր կրել: Այս հանդիպումը բեկումնային էր նաև Հենրիխ Մխիթարյանի համար, որն առաջին գոլը խփեց «Արսենալի» կազմում, իսկ օրեր անց Պրեմիեր լիգայի շրջանակներում «Ուոտֆորդի» դեմ խփեց երկրորդ գոլը՝ կատարելով նաև գոլային փոխանցում:
Չնայած «Միլանի» հետ խաղում տարած հաղթանակին՝ «Ուոտֆորդի» դեմ մրցավեճում «Էմիրեյթսը» կրկին լեցուն չէր: «Մենք միշտ խաղում ենք երկրպագուների համար, անկախ նրանից՝ մարզադաշտը լեփ-լեցո՞ւն է, թե՞ ոչ: Հավատացեք, որ միշտ ներդնում ենք ողջ ներուժը նրանց համար, ովքեր գալիս են մեզ աջակցելու: Նրանք, ովքեր «Էմիրեյթսում» ոգևորում են մեզ, իրական երկրպագուներ են: Այն մարդկանց, որոնք գալիս են մարզադաշտ միայն այն ժամանակ, երբ հաղթում ենք, ոչինչ չունենք ասելու: Շնորհակալություն այն երկրպագուներին, որոնք աջակցում են մեզ»,- հայտարարել է Մխիթարյանը:
Այս պահին դժվար է ասել՝ վաղվա խաղում «Էմիրեյթսը» լեցուն կլինի՞, թե՞ ոչ: Այն, որ Վենգերը վաղը կպայքարի մարտական կազմով, կարծում ենք՝ ակնհայտ է: «Արսենալը» «Միլանի» արգելքը կարող է հաղթահարել նույնիսկ մեկ գնդակի տարբերությամբ պարտվելով, բայց այս արդյունքը, ինչպես նաև ոչ-ոքին կրկին անգամ չի ընկալվի ֆանատների կողմից: Առկա իրավիճակում «Արսենալի» համար անչափ կարևոր է հաղթելը մարտական ոգին բարձր պահելու համար:
Բուքմեյքերները գրեթե չեն կասկածում, որ հաջորդ փուլի ուղեգիրը կնվաճի «Արսենալը»: Նման ելքի համար սահմանված է ընդամենը 1.06 գործակից: «Միլանի» քառորդ եզրափակիչ դուրս գալը գնահատված է 8.5 գործակցով: Առաջիկա մրցավեճում «Արսենալի» հաղթանակը գնահատված է 2.12, ոչ-ոքին՝ 3.5, իսկ «Միլանի» հաղթանակը՝ 3.6 գործակցով:
Նկատենք, որ «Արսենալի» հաղթանակի հնարավորությունը բուքմեյքերներն այնքան էլ բարձր չեն գնահատում: Հենրիխ Մխիթարյանի գոլի հեղինակ դառնալու համար սահմանված է 3.05 գործակից:
«Արսենալ»-«Միլան» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 00:05-ին:
Ամբեշողջությամբ՝ 1in.am