Ամեն օր մենք բազմաթիվ ու տարատեսակ որոշումներ ենք ընդունում և հաճախ չենք էլ հասկանում, որ դրանք մեծ ազդեցություն կարող են ունենալ մեր հետագա կյանքի վրա: Կամովին կամ պարտադրված որոշումներ կայացնելով՝ մենք բոլորս էլ ինչ-որ բանով առաջնորդվում ենք: Մեկս՝ փորձով, գիտելիքներով, խորհուրդներով, կանխազգացմամբ կամ գոնե նրանով, որ այդ պահին այլ տարբերակ չկա: Եվ միշտ մենք մտածում ենք, որ ճիշտ ենք վարվում՝ ելնելով մեր մտքերից, տրամաբանությունից և մտածելակերպից:
Որոշ որոշումներ մեզ հաջողություն և թեթևություն են բերում, ուրախություն և հեռանկարներ, ուրիշները կյանք են փրկում, օգնում զարգանալ և արարել: Սակայն կան որոշումներ, որոնք կայացնելուց հետո դադարում ենք քնել, կորցնում ախորժակը, հավասարակշռությունն ու հանգստությունը: Ու արդյունքում՝ չենք կարողանում հանգիստ ապրել:
Չէ՞ որ այդ սխալ ընդունված որոշումը, ինչպես պարզվեց, տարիներ անց հարուցում է միայն մեղքի և ափսոսանքի, ինքդ քեզ, հարազատներիդ, մտերիմներիդ ու գործընկերներիդ վրա զայրանալու ճնշող զգացողություն:
Մենք, իհարկե, դեռ շատ կփորձենք ինքներս մեզ համոզել, որ դա սարսափելի չէ, որ այդ ժամանակ այլ կերպ հնարավոր էլ չէր, բայց դրանից զղջալու ավելի խորը նստվածք է մնում ողջ կյանքի համար: Իսկ հետո՝ ծերության տարիներին, անկողնում պառկած, դեռ շատ ենք զղջալու, որ ինչ-որ ժամանակ սխալ ենք վարվել: Եվ ամենակարևորը, ոչինչ չենք փորձել փոխել՝ մասնավորապես այն պատճառով, որ երիտասարդ, հիմար ենք եղել և մտածել ենք, որ դեռ շատ պահեր կունենանք, իսկ նոր որոշումները կփակեն բոլոր սխալները: Բայց որքան էլ փորձենք, բոլոր սխալներից ապահովագրել մեզ չենք կարող, և, եթե արդեն իսկ մեր կյանքում ինչ-որ սխալներ թույլ ենք տվել, չմոռանանք, որ դրանք միշտ էլ կարելի է փորձել ուղղել: Կարևորը՝ ժամանակ չկորցնել ու չհետաձգել:
Անտեսեք Ձեզ, Ձեր հպարտությունն ու եսասիրությունը և փորձեք փոխել այն, ինչ գիշերները Ձեզ չի թողնում քնել: Եվ որպեսզի ձեզ մոտիվացնեք, կարդացեք ստորև բերվող ստանդարտ սխալների ցանկը, որոնք բոլորն են գործում, բայց քչերն են նկատում, թե ինչպես են դրանք քայքայում մեզ ու փչացնում մեր կյանքը:
- Դուք կզղջաք այն բանի համար, որ չափազանց շատ ժամանակ եք անցկացրել հեռուստացույցի առաջ՝ դիտելով անվերջանալի սերիալներ, հաղորդումներ, ռեալիթի շոուներ:
- Դուք կզղջաք այն բանի համար, որ ձեր կյանքում առաջնայնությունը տվել եք սոցիալական ցանցերի վիրտուալ աշխարհին՝ գլխովին խորասուզվելով Ձեր և Ձեր ծանոթների մասին սխալ պատկերացումների խաղի մեջ:
- Դուք կզղջաք այն բանի համար, որ առողջ ապրելակերպ չեք վարել՝ թույլ տալով Ձեր սովորույթներին վերահսկել Ձեզ:
- Դուք կզղջաք այն բանի համար, որ քիչ եք տեսել ու գնահատել այս աշխարհի իրական գեղեցկությունը՝ Ձեր կյանքը շտապելով և անհարկի սեթևեթելով:
- Դուք կզղջաք այն բանի համար, որ քիչ եք հավատացել և չեք ձգտել ավելի շատ, մեծ ու գլոբալ բաներ իմանալ:
- Դուք կզղջաք այն բանի համար, որ հազվադեպ եք դիմավորել արևածագն ու հետևել նրա մայր մտնելուն՝ Ձեզ արդարացնելով ամենատարբեր կարևոր ու անհետաձգելի գործերի ու խնդիրների առկայությամբ:
- Դուք կզղջաք այն բանի համար, որ չափազանց վախեցած, կծկված, լուրջ եք եղել ու աշխատել եք համապատասխանել ճշտի, արժանիի ու հաջողակի մասին եղած վարքագծի համընդհանուր նորմերին:
- Դուք կզղջաք այն բանի համար, որ չափազանց շուտ եք հասունացել ու արգելել եք ինքներդ ձեզ երբեմն երեխա լինել՝ թեկուզև 40 տարեկանում:
- Դուք կզղջաք այն բանի համար, որ քիչ եք ընկերություն արել, չեք գնահատել ձեր ընկերներին և շատ ժամանակ միասին չեք անցկացրել:
- Դուք կզղջաք այն բանի համար, որ չափից առավել նեղացկոտ, հիշաչար, չար ու կասկածամիտ եք եղել:
- Դուք կզղջաք այն բանի համար, որ քիչ եք շփվել ձեր ընտանիքի, երեխաների, բարեկամների, հետ, շատ եք վիճել ու բարկացել նրանց վրա: Հազվադեպ եք նրանց սիրո խոսքեր ասել ու հիշեցրել, թե որքան թանկ են նրանք ձեզ համար:
- Դուք կզղջաք այն բանի համար, որ քիչ եք ծիծաղել, ուրախացել ու զվարճացել:
- Դուք կզղջաք այն բանի համար, որ չափազանց ցավագին եք ընդունել այլ մարդկանց արարքներն ու խոսքերը:
- Դուք կզղջաք այն բանի համար, որ չեք զարգացրել ձեր տաղանդն ու մոռացել եք մանկական երազանքների ու հետաքրքրությունների մասին:
- Դուք կզղջաք այն բանի համար, որ քիչ եք ճանապարհորդել ու ճանաչել աշխարհը:
- Դուք կզղջաք այն բանի համար, որ շատ եք վախեցել:
- Դուք կզղջաք այն բանի համար, որ կասկածել ու թերագնահատել եք ձեզ, շատ բաներ չեք համարձակվել անել:
- Դուք կզղջաք այն բանի համար, որ խենթ արարքներ չեք արել, մարտահրավեր չեք նետել հանգամանքներին, աշխարհին, չեք պայքարել ու թևաթափ եք եղել: Ձեզ թույլ եք տվել հեռանալ ու լռել:
- Դուք կզղջաք այն բանի համար, որ նյութապաշտ եք եղել, որ շատ ուժ, եռանդ ու առողջություն եք վատնել մոդայիկ պլանշետների ու բրենդերի ձեռքբերման համար:
- Դուք կզղջաք այն բանի համար, որ չեք ասել գլխավորը:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը