Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 28-ին Համբուրգի նշանավոր դահլիճներից մեկում՝ «Էլբ-ֆիլհարմոնիայում», հանդես է գալու համերգային ծրագրով, որի ընթացքում նվագախումբը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը կկատարեն ժամանակակից կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտը: Դա համաշխարհային պրեմիերա է։
«Նոյեմբերին համերգի բոլոր տոմսերը վաճառվել են: Դեկտեմբերին հնարավոր էր մի քանի տոմս գտնել վերավաճառողների մոտ, բայց դրանք էլ արագ սպառվեցին: Կարծում եմ` այս հաջողությունը հավաքական է: Իհարկե, մեծ նշանակություն ունի, թե որ նվագախումբն է ելույթ ունենում, ով է մենակատարը և ինչ ծրագիր է ներկայացվում»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը:
Տնօրենն ասաց, որ համերգային ծրագրի առաջին մասում կհնչի Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան, որը, ցավոք, Եվրոպայում հազվադեպ է ներկայացվում:
«Համերգը մեզ հնարավորություն է տալիս հանրաճանաչ և մեծ հաջողություն վայելող «Էլբ-ֆիլհարմոնիայում» մեծն Խաչատրյանի այդ գործը կատարել, որը հնչեցրել ենք Հայաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում, բայց Գերմանիայում նվագախումբը առաջին անգամ է կատարելու: Երկրորդ բաժնում կհնչի Էդուարդ Հայրապետյանի նոր թավջութակի և նվագախմբի համար գրված կոնցերտը»,-ընդգծեց Տեր-Հովակիմյանը:
Տնօրենի խոսքով` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեծ հետաքրքրություն է վայելում Եվրոպայում, այն սպասված է, դրանով հետաքրքրվում են տարբեր գործակալներ, իմպրեսարիոներ հետագայում նվագախմբի հետ համագործակցելու համար: «Ըստ իս` այս հարցում մեծ դեր խաղաց մեր նվագախմբի վերանվանումը: Դրա սիմֆոնիկ լինելու գործոնը նվագախմբի առջև մեծ դռներ է բացելու. տոմսերի արագ սպառումը դրա վառ ապացույցներից է»,-եզրափակեց Աննա Տեր-Հովակիմյանը:
Նվագախումբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ կան Հայաստանում ստեղծագործող կոմպոզիտորներ, որոնց գործերը հետագայում ներկայացրել են արտերկրում, և երաժշտասերները մեծ հետաքրքրությամբ են ունկնդրել դրանք: Նրանցից մեկը Էդուարդ Հայրապետյանն է: