Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչ Հակոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 16-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի թիվ 122 հասցեում գործող «Կովկաս» ռեստորանային համալիրի սենյակներից մեկում տղամարդու դի կա կախված։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ոսկանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև քննչական խումբը՝ քննիչ Հակոբյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի թիվ 211 սենյակի լոգարանում սրբիչով դռնից կախված վիճակում հայտնաբերել են Բելգիայի Թագավորության քաղաքացի՝ 62-ամյա Արմեն Գ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: