Մեծ Հայրենականի ժամանակ աչքի ընկած հայ անվանի մարշալների շարքում Սերգեյ Աղանովը (Օհանյան) կարծես թե անտեսված է։ Թեև նա նույնպես մարտնչել է պատերազմի առաջին օրերից և հերոսաբար, միայն թե այդ տարիներին նա շատ երիտասարդ էր, և ռազմական կոչման աստիճաններով սկսեց բարձրանալ պատերազմից հետո։
Սերգեյ Քրիստոփորի Աղանովի պապը Արցախից տեղափոխվել էր Աստրախան, որտեղ էլ ծնվել է թոռը։ Դպրոցն ավարտելուց հետո Սերգեյը Մոսկվա է մեկնել, էլեկտրակոմբինատում հավաքորդների բրիգադում է աշխատել։ 1940 թվականին ավարտել է Մոսկվայի ռազմաինժեներական ուսումնարանը։
Այն ժամանակ սկսվեց ԽՍՀՄ-ի ու Ֆինլանդիայի միջև մինչ օրս առեղծվածային պատերազմը, որը լավ ուսումնասիրված չէ։ Աղանովն այն ժամանակ սակրավորների վաշտի հրամանատարն էր, հետո նշանակվեց Լենինգրադի ռազմական շրջանի կրտսեր հրամանատար-սակրավորների դպրոցի պետ։
Երկրորդ Համաշխարհայինի ճանապարհներին 24-ամյա Աղանովը հայտնվեց արդեն 1941 թվականի հունիսին։ Բնականաբար, նա հենց սակրավորների վաշտի հրամանատարն էր, աշնանը դարձավ գումարտակի շտաբի պետ։ 1942 թվականի ձմռանը նրան նշանակեցին մոտոինժեներական գումարտակի փոխհրամանատար, երկու ամիս անց արդեն նրան վստահեցին 54-րդ բանակի ինժեներական զորքերի շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ Աղանովի անցած բոլոր ռազմական գործողությունները ծավալվել են Լենինգրադյան և Վոլխովյան ռազմաճակատներում։
1942 թվականի նոյեմբերին Աղանովին հետ են կանչում ռազմաճակատից. ծառայության հետ կապված խնդիր չկար, բարեբախտաբար վիրավորված էլ չէր, պարզապես հրամանատարությունը հավանաբար հաշվի էր առել հաջողված շտաբային կարիերան ու ուղարկել էր նրան Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի ինժեներական զորքերի շտաբ։ Սակայն ռազմաճակատի առօրյան շարունակվում էր, և Աղանովը Գերագույն գլխավոր հրամանատարի ռազմակայանի այլ ներկայացուցիչների հետ մշտապես գործող բանակին էր միանում, որպեսզի օգներ կազմակերպել Հարավ-Արևմուտքի, 3-րդ Բելառուսական ու 1-ին և 2-րդ Մերձբալթյան և այլ ռազմաճակատներում գործողությունների ինժեներական սպասարկումը։
Պատերազմից հետո Աղանովը չվերադարձավ սովորական կյանքին։ Նրա աշխատավայրը ինժեներական զորքերի շտաբն էր դարձել, սակայն ծառայության առաջխաղացման համար պետք էր խորացնել կրթությունը։ 1950 թվականին Աղանովն ավարտեց Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, հետո` Կ․ Ե․ Վորոշիլովի անվան ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։ Հետո ծառայեց Գերմանիայում խորհրդային զորքերի խմբում։
Այնպես չէ, որ Աղանովը «հոգնել» էր բանակում ծառայելուց, պարզապես նրա փորձն ու գիտելիքները «վերևներում» օգտակար համարեցին։ Որոշ ժամանակ նա դասավանդում էր Գլխավոր շտաբի ակադեմիայում։ Այդ ժամանակը նա արդյունավետ օգտագործեց. 1964 թվականին ռազմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի համար ատենախոսություն պաշտպանեց։ Հետո դարձավ Գերմանիայում խորհրդային զորքերի խմբի ինժեներական զորքերի պետ, Վ.Վ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիայի պետ, և վերջապես ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության ինժեներական զորքերի պետ։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am