«Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանը ներկայացնող երգիչ Սևակ Խանաղյանը շուտով կներկայացնի «Քամի» երգի տեսահոլովակը, որի նկարահանումներն արդեն ավարտվել են: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում ռեժիսորը հայտնեց, որ նկարահանումները տևել են 2 օր:
«Առաջին օրը նկարահանել ենք փոքր տեսարան Գառնիում: Երկրորդ օրը՝ հիմնական տեսարանները, որոնք իրականացրել ենք տաղավարում: Երբ առաջին անգամ լսեցի երգը, հասկացա՝ պետք է տեսահոլովակում ցույց տալ միայն Սևակի հոգեվիճակը: Ոչ մի ավելորդություն պետք չէ, որպեսզի հանդիսատեսի ուշադրությունը երգից չշեղվի: Հաշվի առնելով այսօրվա միտումները՝ տեսահոլովակում լուսային էֆեկտներ և մոնտաժային հետաքրքիր լուծումներ ենք օգտագործել»,- ասաց Արթուրը:
Ռեժիսորի խոսքով՝ ինքն այնպեսի մոտեցումներ է փորձել գտել, որոնք օտարերկրացու համար հասկանալի կդարձնեն երգի իմաստը: «Ինձ վրա մեծ պատասխանատվություն կար, որ տեսահոլովակի միջոցով եվրոպացիներին տեղ հասցնեմ երգի իմաստը: Ճիշտ է, երգը հայերեն է ու հենց դրանով կարող է հետաքրքրություն առաջացնել նրանց մոտ, բայց մի մտավախություն կա, որ նրանք չեն հասկանա երգի իմաստը: Դրա համար մենք փորձել ենք տեսահոլովակում Սևակի հոգեվիճակով ներկայացնել երգի իմաստը»,- նշեց նա:
Արթուր Մանուկյանն ավելացրեց, որ Սևակի հետ հեշտ է եղել աշխատելը: «Ոչ միշտ է, որ արտիստի հետ առաջին համագործակցությունը ստացվում է: Սևակի հետ հեշտ է աշխատել: Մենք իրար արագ ենք հասկանում: Նկարահանումների ընթացքում բարդություններ չեն եղել»,- նշեց նա:
«Արմենպրես լայֆ»-ը զրուցեց նաև Սևակ Խանաղյանի հետ, ով նշեց, որ իր համար կարևոր է հայերեն երգով ներկայանալ այս տարվա «Եվրատեսիլին»: «Յուրաքանչյուր օր լավ արձագանքներ եմ ստանում եվրոպացի հանդիսատեսից, ինչն, անշուշտ, ոգեշնչում է: Տեսահոլովակում շատ անկեղծ եմ եղել, ուստի նկարահանման ընթացքում դժվարություններ չեն առաջացել: Արդեն հասցրել եմ շատ ռեժիսորների հետ աշխատել, բայց Արթուր Մանուկյանի հետ առաջին անգամ եմ համագործակցում: Արթուրի հետ աշխատելը հեշտ էր և հաճելի: Նա իսկական պրոֆեսիոնալ է. ունի հստակ ասելիք, որը պատկերի միջոցով կարողանում է հասցնել հանդիսատեսին»,- ասաց Սևակը:
Հարցին, թե որ մասնակիցների երգերն են իր համար ֆավորիտ, երգիչը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ դեռ չեմ հասցրել ծանոթանալ բոլոր մասնակիցների երգերին, բայց պետք է ասեմ, որ կան շատ հետաքրքիր երգեր, որոնք մրցույթն էլ ավելի դիտարժան կդարձնեն»: