Ծրագրի մասնակիցները համաձայն չեն ԱՄՆ արտագաղթած Վիլ Միրզոյանովի հետ, որն էլ լուրեր է տարածել «Նորեկի» մասին։ Ինչպես պարզվել է, Միրզոյանովը կապ չի ունեցել նյութեր մշակելու հետ։
Մարտական թունավոր նյութերի մշակման ծրագիրը` նման A-234 նյութին, որով թունավորել են Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին, կոչվել է ոչ թե «Նորեկ», այլ ուրիշ բան։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են աղբյուրները, որոնք անմիջական կապ են ունեցել այդ նախագծի հետ։
Նրանց խոսքով` համակարգը նշելիս թվեր են օգտագործվել։ «Նորեկ» անվանումը լայնորեն տարածվել է արտասահմանյան ԶԼՄ-ներում խորհրդային քիմիկոս Վիլ Միրզայանովի հրապարակումից հետո, որը 1990-ականներին արտագաղթել է ԱՄՆ։
Արևմուտքում Միրզայանովին հաճախ ներկայացրել են որպես «Նորեկի» ստեղծող։ Սակայն պարբերականի աղբյուրները նշել են, որ Վիլ Միրզոյանովն ընդհանրապես կապ չի ունեցել քիմիական զենքի մշակման հետ։
«Նա գլխավորել է արտասահմանյան տեխնիկական հետախուզություններին հակազդելու բաժինը և դրանից հետո որոշակի տեղեկատվություն հրապարակել Արևմուտքում, ներառյալ բանաձևերը»,- բացատրել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Լեոնիդ Ռինկը` A-234 նյութի մշակողներից մեկը, որի կիրառման մեջ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին, հայտարարել է, որ եթե Սկրիպալը մինչև հիմա ողջ է, ապա դա ապացուցում է նրա թունավորման հետ Ռուսաստանի կապ չունենալը։
Սկրիպալն ու նրա դուստրը մարտի 4-ին անգիտակից վիճակում հայտնաբերվել էին Սոլսբերիի կենտրոնում: Բուժզննման արդյունքում պարզվել էր, որ նրանց թունավորել են ռուսական արտադրության նյարդապարալիտիկ գազով։ Տուժել էր նաև ոստիկանության աշխատակից Նիկ Բեյլին։