Սերժ Սարգսյանը լուծարեց «Ելքը». lragir.am
Advertisement 1000 x 90

Սերժ Սարգսյանը լուծարեց «Ելքը». lragir.am

lragir.am-ը գրում է. ««Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Մանե Թանդիլյանը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի հարցում դաշինքի որոշման բացակայությունը գնահատում է իբրեւ իրական բազմակարծության դրսեւորում, երբ կա քննարկում, մեկ անձով կամ մեկ անձի դեմ չէ գործընթացը, եւ դաշինքի հիմքը գաղափարական ընդհանրությունն է:

Առայժմ՝ խորհրդարանի ընտրությանն ընդդիմության շրջանում դաշինքի հաղթանակից հետո մեկ տարի անց էլ խոշոր հաշվով պարզ չէ, թե որն է ԵԼՔ դաշինքի գաղափարական հենքը, եւ արդյոք մանդատի տակտիկական հենքից բացի դաշինքն ունի կայուն եւ հեռանկարային որեւէ ընդհանրություն:

Ի վերջո, աներկբա է, որ դաշինքն ինքն էլ կամա թե ակամա խոստովանում է, որ չունի այդ հարցի պատասխանը: Այլապես հարց է, թե ինչո՞ւ ձեռնամուխ չի լինում իր դաշնակցային թերեւս առանցքային կետի՝ մեկ կուսակցություն դառնալու գործընթացի մեկնարկին: Ավելին, «Ելքը» թերեւս ոչ թե մոտեցել է այդ մեկնակետին, այլ ավելի հեռացել դրանից, ինչի վկայությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ կցկտուր բացատրություններն են, որոնք բացի նախկին համանման դաշինքային պատմությունների մասին հանրային հիշողությունը թարմացնելուց, մեկ էլ առաջացնում են թերեւս ժպիտներ:

Բազմակարծությունը քաղաքական միավորի համար անշուշտ կարեւոր հատկանիշ եւ բնութագիր է, հատկապես ներկուսակցական ժողովրդավարության առանցքային խնդիրներ եւ դեֆիցիտ ունեցող Հայաստանի համար՝ ընդ որում թե իշխանության, թե ընդդիմության դաշտում:

Բայց, բազմակարծությունն արժեք է ստանում ոչ իբրեւ նպատակ կամ ինքնանպատակ, բազմակարծությունն արժեք է ստանում որպես քաղաքական որոշումների կայացման մեխանիզմի առանցքային բաղադրիչ կամ հատկանիշ: Քաղաքական ուժի համար հիմնարար հատկանիշը որոշում կայացնելու կարողությունն է, ոչ թե անորոշում բազմակարծությունը, երբ դաշինքը կարող է մի քանի անգամ հավաքվել որոշում կայացնելու, բայց այդպես էլ չկարողանալ թե որոշումը կայացնել, թե բացատրել չկայացնելու բուն պատճառը:Քաղաքականությունը առաջին հերթին պատասխանատվություն է:

Պատասխանատվությունն առաջին հերթին պահանջում է որոշում կայացնելու մեխանիզմ եւ կարողություն ցանկացած որոշում կայացնելու: Նոր միայն դրանից հետո է դառնում կարեւոր, թե որոշումը ինչ մեխանիզմով է կայացվում՝ բազմակարծությա՞ն, թե՞ միահեծանության: Բայց քաղաքական միավորը պետք է կարողանա որեւէ ձեւով կայացնել որոշում եւ պատասխան տալ դրա համար, ոչ թե պաշտպանվել չկայացրած որոշումների վերաբերյալ հարցերից:

Պատկերացնենք, որ ԵԼՔ-ն իր ներկայիս բազմակարծությամբ ստացել է խորհրդարանական մեծամասնություն եւ ստանձնել իշխանությունը: Ծիծաղելի է պատկերացնել, թե Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի տարբերակի ընտրության հարցը մեղմ ասած ավելի բարդ եւ ծանր հարց է, քան Հայաստանի պետականության առաջ հենց այս պահին ծառացած ներքին ու արտաքին որեւէ տնտեսական, քաղաքական, անվտանգային հարց:

Եվ եթե դաշինքը չունի որոշում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ որոշում կայացնելու մեխանիզմ, երբ ի վերջո ընդունված կհամարվի այս կամ այն տեսակետը, եւ բոլորը կամք ու պատասխանատվություն, ժողովրդավարական գիտակցություն կցուցաբերեն ընդունել այդ որոշումը՝ եթե անգամ դա իրենց պատկերացրածը չէ, ապա ինչպե՞ս էր ստանձնելու պատասխանատվություն իշխանության համար: Իսկ եթե Հայաստանի պետականության համար հրատապ բազմաբնույթ խնդիրների հարցում դաշինքը ունի նախանձելի միակարծություն եւ կոնսենսուս, ի տարբերություն ասենք Սերժ Սարգսյանի վարչապետությանը խանգարելու ձեւերի, ապա ինչո՞վ է զբաղված ԵԼՔ-ը հիմա՝ Հայաստանի խորքային հարցերը թողած:

Թե՞ այդուհանդերձ Սարգսյանն է Հայաստանի խորքային հարցը: Այդ դեպքում ստացվում է, որ դաշինք չկա այդ հարցում: Իսկ էլ ո՞ր հարցում է դաշինքը: Սերժ Սարգսյանը կամա թե ակամա, դե ֆակտո լուծարեց ԵԼՔ-ը, անգամ եթե զուտ ֆորմատի առումով դաշինքը նույնիսկ մինչեւ 2040 թվականը պահպանի իր գոյությունը»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր