Սիրիացի լուսանկարիչ Մոհամեդ Ալգրաղեբը (Mohamed Alragheb) Համդանի միջազգային լուսանկարչական մրցույթում (Hamdan International Photography Award, HIPA) արժանացել է գրան պրի մրցանակի: Յոթերորդ անգամ անցկացվող այդ մրցույթը ամփոփվեց 2018 թվականի մարտի 13-ին:
Սա երևի միակ դեպքն է լրագրության պատմության ընթացքում, երբ մրցանակի (որը քիչ գումար չէ, 120 հազար դոլար) արժանացել է ոչ միայն ֆոտոլրագրողի աշխատանքը, այլև լուսանկարի հերոսն է պարգևատրվել հատուկ մրցանակով:
Լուսանկարն արվել է 2017 թվականի ապրիլին, Արևմտյան Հալեպի Ռաշիդին շրջանում, օդային գրոհի ժամանակ:
Երբ շուրջբոլորը սկսեցին ռումբեր պայթել, լուսանկարիչ Աբդ Ալկադեր Հաբակը (Abd Alkader Habbak) դադարեց լուսանկարել ու վազելով մոտեցավ բերանքսիվայր պառկած երեխային… Այդ պահին նա նույնիսկ չէր էլ հասկացել, որ երեխան մահացած է: Կողքից գոռացին. «Թող նրան, կենդանի մնացածներին փրկիր»…
Ֆոտոլրագրողը շրջվեց ու տեսավ արնաքամ աղջկան, որը հազիվ շշնջում էր՝ փրկիր ինձ: Հաբակը արագ գրկեց երեխային ու վազեց դեպի շտապօգնության մեքենան:
Հետո նա երեք անգամ վերադարձավ այն վայր, որտեղ ռումբեր էին պայթում: Եվ ամեն անգամ կրակի դժոխքից դուրս էր հանում հերթական վիրավորին:
Հաբակի ընկեր Մոհամեդը հասցրեց լուսանկարել տեղի ունեցածը:
Լուսանկարներից մեկում Հաբակը ծնկի եկած ու անզոր լաց է լինում՝ ունակ չլինելով որևէ կերպ օգնել մահացած երեխաներին:
Իսկ այն լուսանկարում, որը արժանացավ գրան պրի մրցանակի, երևում է, թե ինչպես է ֆոտոլրագրողը՝ ծանր վնասվածքներ ստացած երեխային գրկած վազում այրվող տարածքից: Նրան այդ պահին խանգարում էր իր սեփական լուսանկարչական սարքը: Եվ նա արեց իր ընտրությունը:
Գերման Ավագյան