Այս անգամ 1 օր ենք անցկացրել Laki Dessert Art Studio-ի հիմնադիր Լիկա Լևոնյանի հետ։
Առավոտը
Առաջին անելիքը
Առավոտյան երեխային տանում եմ մանկապարտեզ և գալիս եմ աշխատանքի։
Սու՞րճ, թե՞ թեյ
Սուրճ՝ շաքարով
Խմորեղենո՞վ, թե՞ առանց
Սուրճը միշտ վայելում եմ խմորեղենով։
Մի քանի հարց
Մասնագիտությունը և բիզնեսը
Մասնագիտությամբ դերասանուհի եմ, սակայն ներկայումս այդ ոլորտում չեմ աշխատում։ Դերասանի մասնագիտությանը շատ լուրջ եմ վերաբերում։ Ինձ համար մեծագույն հայ դերասաններ են Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը․․․նաև ամուսինս՝ Խորեն Լևոնյանը։ Խաղալով գլխավոր դերեր՝ հասկացա, որ այդ արվեստն ամեն դեպքում ինձ համար չէ։ Վերջին փորձս բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմերից մեկում նկարհանվելն էր, որից հետո վերջնականապես որոշում կայացրի չզբաղվել դերասանի մասնագիտությամբ։ Պետք է կարողանաս հասկանալ՝ ինչ կոչումով ես ծնվել։ Ամուսինս օրինակ, ծնվել է արտիստ դառնալու համար և դա ամբողջովին նրանն է։ Ես ավելի գործունյա եմ, աշխատասեր։ Այն ոլորտը, որում այժմ գործունեություն եմ ծավալում, լիովին իմն է։ Եթե դու զբաղվում ես գործով, որը կապ չունի քեզ հետ, դու նմանվում ես անհավատ հոգևորականի։ Ես ինքնաքննադատ եմ, կարծում եմ՝ դա ինձ օգնում է բիզնեսի կառավարման մեջ ։
Laki Dessert Art Studio-ի մասին
Laki Dessert-ի ստեղծումը ժամանակի հետ հասունացավ: Մի օր ամսագրերից մեկի շապիկին տեսա գեղեցիկ ձևավորված խմորեղենի լուսանկար և հասկացա, որ ես նույնպես պետք է նման բան ստեղծեմ։ Արդեն 14 տարի է Laki Dessert Art Studion ոլորտում է։ Խմորեղենի, տորթերի մեջ ստանդարտ տեսակներն արդեն պահանջարկ չուեն։ Այդ է պատճառը, որ մենք անընդհատ նոր տարբերակներ ենք մտածում։ Թխվածքներ պատրաստելը վերածվում է արվեստի, քանի որ ստանում ենք պատվերներ, որոնք պահանջում են դիզայներական հմտություններ, գիտելիքներ ճարտարապետությունից։ Այս տարիների ընթացքում ձևավորվել է անփոխարինելի թիմ, որը պրոֆեսիոնալ է և վստահություն է ներշնչում։
Նորաձև թխվածքները
Այս ոլորտը նույնպես ունի իր կանոններն ու միտումները։ Անգամ հագուստի մոդելավորումը կապված է մեզ հետ, քանի որ ստանում ենք պատվերներ, որոնցում թխվածքը ձևավորվում է ասենք վինտաժային ոճի զգեստների ձև ունեցող զարդարանքներով։ Անընդհատ ուսումնասիրում ենք նորաձևությանը, հետևում ենք ոլորտին առնչվող վերջին միտումներին, որպեսզի ամեն անգամ ներկայանանք նորովի։
Ամենաանհավանական պատվերը
Ստանում ենք բազմաթիվ անհավանական պատվերներ։ Հաճախորդներից մեկն, օրինակ, ցանկություն էր հայտնել, որպեսզի պատրաստվի ոչ սովորական տորթ։ Առաջարկը եղավ իմ կողմից և արդյունքում ստացվեց տորթի մի հետաքրքիր տարբերակ, որի միջից իրական ջրային շատրվան էր դուրս գալիս։ Դա իրոք շատ տպավորիչ էր։
Ամբողջությամբ՝ vivaronews.am