Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
Ազգային ընտրանու ավագին հարց է ուղղվել 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 7-րդ անգամ անգամ անընդմեջ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը դառնալու մասին.
– Հենրիխ, ամեն տարի արժանանում ես տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Կարծես` մրցակցությունից դուրս լինես: Առաջիկա տարիների համար ու՞մ ես տեսնում որպես քեզ հետնորդ:
– Ինձ չեմ համարում այնպիսի ֆուտբոլիստ, որը չունի մրցակից: Միշտ էլ փորձում եմ ինքս ինձ մրցակիցներ գտնել և մենամարտել նրանց դեմ: Ինչ-որ տեղ դա քեզ ավելի ուժեղ է դարձնում: Հավաքականում ունենք շատ լավ, շնորհալի ֆուտբոլիստներ, ու նրանց շնորհիվ է, որ ես կարողանում եմ լավագույնը դառնալ:Շնորհակալ եմ նրանց այս մրցակցության և աջակցության համար:
– Հենրիխ, հավաքականի կազմում առաջին գոլը խփել ես հենց Էստոնիայի հետ խաղում: Առաջիկա խաղն ինչ-որ առանձնահատուկ նշանակություն ունի՞ քեզ համար:
– Պատրաստվում ենք, ինչպես ցանկացած խաղի: Չեմ համարում, թե ինչ-որ առանձնահատուկ խաղ է լինելու ինձ համար: Հիշում եմ, որ առաջին գոլս խփել եմ Էստոնիայի դարպասը: Եթե հնարավորություն ունեցա, այս խաղում էլ կգրավեմ նրանց դարպասը, բայց ամենակարևորը` հաղթենք:
– Հոգեբանորեն ճնշվածություն չե՞ս զգում այն փաստից, որ քեզանից միշտ ավելի մեծ սպասումներ են ունենում:
– Ոչ միայն երկրպագուները, ես ևս ինձանից միշտ մեծ սպասումներ ունեմ: Ֆուտբոլ չեմ խաղում պարզապես խաղալու համար: Խաղում եմ ֆուտբոլ` հաջողության հասնելու համար: Կարծում եմ` չկա այդպիսի բան, որ կարող ես մեծ ճնշում զգալ: Գիտեմ` ինչպես դուրս գալ ճնշման տակից: