ԱՄՆ-ում հանել են հայերի, հույների, քրդերի ու ասորիների վրա հարձակված Էրդողանի թիկնապահների մեղադրանքները
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում հանել են հայերի, հույների, քրդերի ու ասորիների վրա հարձակված Էրդողանի թիկնապահների մեղադրանքները

Վաշինգտոնի դաշնային դատախազները հանել են մեղադրանքները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության 15 աշխատակիցներից 11-ի նկատմամբ, ովքեր մեղադրվում էին 2017 թվականի մայիսին խաղաղ ցուցարարների, այդ թվում և հայերի դեմ բռնություն կիրառելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը:

Միջադեպը Թուրքիայի և ԱՄՆ միջև դիվանագիտական լարվածության պատճառ էր դարձել: Ամերիկյան լրատվամիջոցը գրում է, որ Էրդողանի թիկնապահների դեմ մեղադրանքները հանելու մասին որոշումը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում իր դաշնակից Թուրքիայի հետ հարաբերություններում առկա լարվածությունը թուլացնելու ցանկությամբ:

Դատախազները 2017 թվականի նոյեմբերին դիմել էին դատավորին՝ հանելու մեղադրանքները Էրդողանի թիկնապահներից 4-ի նկատմամբ: Այնուհետև, 2017 թվականի փետրվարի 14-ին՝ ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Թուրքիա կատարելիք այցից մեկ օր առաջ, հանվել էին մեղադրանքները ևս 7-ի նկատմամբ՝ նպատակ ունենալով թոթափել թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը:

Այդուհանդերձ, ԱՄՆ պաշտոնյաները հերքել են այն, որ քաղաքական դրդապատճառներից ելնելով դատախազների վրա ճնշում է գործադրվել:

Ուշագրավ է, որ որևէ պաշտոնական հայտարարություն չէր արվել այն մասին, որ դատախազները 2018 թվականի փետրվարին հանել են մեղադրանքները ևս 7 կասկածյալի նկատմամբ: ԱՄՆ դատախազության գրասենյակը այս մասին հայտնել է միայն The Wall Street Journal-ի հարցմանն ի պատասխան: Գրասենյակից նշել են, որ շարունակում են պահպանվել մեղադրանքներն Էրդողանի թիկնապահներից չորսի, ինչպես նաև Կանադայի երկու քաղաքացու դեմ, որոնցից ոչ մեկը ձերբակալված չէ:

Իսկ ԱՄՆ ազգությամբ թուրք երկու քաղաքացիներ սպասում են իրենց դեմ դատավճռի հրապարակմանը: Նրանք 2017 թվականի դեկտեմբերին ընդունել են իրենց դեմ ներկայացված մեղադրանքները:

Միացյալ Նահանգներ այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում 2017 թվականի մայիսի 16-ին կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ էին դարձել: Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից:

Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց էին տեղափոխվել: Հարձակումն իրականացրածների շարքում են եղել նաև Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ավելի ուշ հայտնված տեսանյութում երևում էր, թե ինչպես է հենց Էրդողանը տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը:

Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը և ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հունիսի 15-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էին, որ մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակից խմբի 12 անդամի ձերբակալության հրաման է տրվել:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հունիսի 6-ին միաձայն ընդունել էր թիվ 354 երկկուսակցական բանաձևը, որը դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության և քայլեր ձեռնարկել նմանատիպ միջադեպերը բացառելու համար: Բանաձևին կողմ է քվեարկել 397 ներկայացուցիչ:



Նման նյութեր