«Առաջին գոլս հավաքականում խփել եմ հենց Էստոնիայի դարպասը: Եթե հնարավորություն եղավ, այս անգամ էլ կփորձեմ գոլ խփել: Ամենակարևորը, որ հաղթենք այս խաղում»,- այսօր ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Մարտի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային թիմը ստուգողական հանդիպում կանցկացնի Էստոնիայի հետ: 2009 թվականի մարտի 28-ին աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ոչ-ոքի՝ 2:2 էր խաղացել էստոնացիների հետ: Հանդիպման 33-րդ րոպեին հաշիվը բացել էր Հենրիխ Մխիթարյանը՝ իր առաջին գոլը խփելով ազգային թիմի կազմում: Մխիթարյանի գոլից ընդամենը 5 րոպե անց Կոնստանտին Վասիլևին հաջողվել էր հավասարեցնել հաշիվը, իսկ 67-րդ րոպեին Սերգեյ Զեյնովն առաջ էր մղել հյուրերին: 87-րդ րոպեին մեր հավաքականին պարտությունից փրկել էր Գևորգ Ղազարյանը: Ի դեպ, մեր հավաքականի ներկայիս կազմից միայն Ղազարյանն ու Մխիթարյանն են մասնակցել 9 տարի առաջ տեղի ունեցած խաղին:
Բուքմեյքերներն առաջիկա մրցավեճում ֆավորիտ են համարում Հայաստանի ազգային հավաքականին: Մերոնց հաղթանակը գնահատված է 1.95, ոչ-ոքին՝ 3.35, իսկ Էստոնիայի հաղթանակը՝ 3.6 գործակցով: ՖԻՖԱ-ի ազգային հավաքականի դասակարգման աղյուսակում էստոնացիներն այս պահին 86-րդն են և 5 կետով գերազանցում են Հայաստանի ազգային հավաքականին:
2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Էստոնիան ընդգրկված էր H ենթախմբում Բելգիայի, Հունաստանի, Բոսնիայի, Կիպրոսի և Ջիբրալթարի հավաքականների հետ: Մեր առաջիկա մրցակիցը տոնել էր 3 հաղթանակ, 2 հանդիպում ավարտել ոչ-ոքի և կրել 5 պարտություն: Վաստակելով 11 միավոր՝ Էստոնիան զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը՝ ետևում թողնելով Կիպրոսին և Ջիբրալթարին: Այս շրջափուլում Էստոնիան հյուրընկալվելիս խայտառակ՝ 8:1 հաշվով զիջել էր Բելգիային: 3 հաղթանակներից 2-ը 6:0 և 4:0 հաշվով էստոնացիները տոնել էին Ազգերի լիգայի խաղարկությունում մեր մրցակիցներից Ջիբրալթարի նկատմամբ: 3-րդ հաղթանակը Էստոնիան տարել էր Կիպրոսի հետ տնային մրցավեճում:
Անցյալ տարվա հանդիպումներից կարելի է առանձնացնել Տալլինում տեղի ունեցած ընկերական խաղը Խորվաթիայի բավական ուժեղ հավաքականի հետ: Այն ավարտվել էր Էստոնիայի հաղթանակով՝ 3:0 հաշվով: Էստոնացիները հաղթել են նաև վերջին 3 ընկերական խաղերում: Նոյեմբերի 12-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Էստոնիայի հավաքականը 3:0 հաշվով հաղթել է Մալթայի, 2:0 հաշվով՝ Ֆիջիի և 1:0 հաշվով՝ Վանուատուի հավաքականին: Էստոնացիները դավանում են կոշտ, միևնույն ժամանակ ոչ այնքան արագ ֆուտբոլ:
Ամբողջությամբ՝ 1in.am