«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ օրերս Քաշաթաղի շրջանի Վան համայնքի հողատարածքում տնկվել է 2370 արքայանարնջի ծառ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնական Մեդինա Հովհաննիսյանն՝ ավելացնելով, որ այգին հիմնվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ամերիկահայ Վիկտոր Զարուգյանի հովանավորությամբ:
Նրա խոսքով՝ ծրագրի հիմնական նպատակն է այգեգործության զարգացումն Արցախում և աշխատատեղերի ստեղծումը շրջաններում:
«Հիմնադրամը վարձակալել է Վան համայնքի հողատարածքը: Ծառերը տնկել են գյուղի բնակիչները, ովքեր վարձատրվել են իրենց կատարած աշխատանքի դիմաց: Հիմնված բոլոր այգիներում աշխատում են տվյալ գյուղերի բնակիչները»,- նշել է Մ. Հովհաննիսյանը՝ կարևորելով, որ ծրագիրը շարունակական բնույթ է կրելու, քանի որ սա «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի Արցախում հիմնած 3-րդ այգին է:
Նրա խոսքով՝ հիմնադրամը հիմնել է 5 հա նռան այգի Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում , 7 հա՝ այգի Քաշաթաղի շրջանի Երիցվանք համայնքում: Իրացված բերքից ստացված շահույթը կուղղվի հետագա բարեգործական ծրագրերի իրականացմանը: