Ես Կարեն Անտաշյանն եմ… vivaronews.am
Advertisement 1000 x 90

Ես Կարեն Անտաշյանն եմ… vivaronews.am

Երբ ես 18 տարեկան էի… քաղաքատնտեսության մասին ռեֆերատներ գրելու ընդմիջումներին տխուր բանաստեղծություններ էի գրում մահվան անխուսափելիության և հավերժական սիրո մասին, բայց իրականում երկուսով էլ առանձնապես մտահոգված չէի, այսինքն երեքով էլ։

Պոեզիան… կյանքը հետազոտելու իմ միջոցն է։

Ես ապրում եմ մարդկանց մոլորակում… և սա ամենատխուր կատակն է դինոզավրերի մասին։

Ես նախընտրում եմ ասել «հա» ամեն անգամ երբ… անծանոթները հարցնում են՝ էս երթուղայինն իրո՞ք դրախտ է գնում։

Եթե ես ծնված լինեի Իտալիայում… հնարվոր է, որ անունս լիներ Ջովաննի Ջորդանո և ես լինեի աֆերիստ գոնդոլավար Վենետիկի տղմուտ ջրանցքներում, այնպես որ լավ է, որ այդպես չէ։

Ես մնում եմ, երկիր, որովհետև… երկիրը ես եմ, և ավելի շուտ ինքս ինձ վերադառնալու ուղիներ եմ փնտրում, քան՝ ինձնից հեռանալու։

Գնալ, մնալ՝ հետ գալ… ճանաչել կյանքի բոլոր հրաշալի դրսևորումները, բեկոր առ բեկոր ճշգրտել կյանքի ընկալման սահմանները և կարոտել պամիդորով ձվածեղն՝ ինչպես քո ինքնության հիմնարար ուղենիշ։

Երևանը… առանց Արարատի տեսարանի բավականին անհիմն է ու 45%-ով ավելի շատ ապրելու ջանք է պահանջում։

Իմ միջի թափառականը… իմ միջի որոնողն է, որ իրականում չի նույնացնում իրեն ոչ մի կրոնական, ազգային, սեռային, լեզվական և որևէ այլ ինքնության հետ և դեռևս չտեսնված տեսադաշտ է փնտրում ինձ համար։ Ափսոս այն միայն ներքին, վերացական գոյություն է, թե չէ ավելորդ քաշի խնդիր չէի ունենա։

Գրականությունը կարողանում է մի բան, որ կինոն չի կարող… հասանելի լինել առանց էլեկտրականության։

Իմ միջի հայը… բոլորովին անկապ երազում է տաք ծովերի փիրուզագույնը, ուսումնասիրում է յոգա, սիրում է ամերիկյան սերիալներ ու կոլումբիական սուրճ, նախատեսում է ճապոնական այգի հիմնել և այլ հայուգենին անհարիր բաների մասին է մտմտում։

Ամեն մի նոր ստեղծագործությունից հետո կարիք կա… ծխելու՝ ադրենալինի ու սերոտոնինի պոռթկումը մեղմելու համար. մեր տարիքում սրտին ավելորդ հուզումներ պետք չեն։

Իսկ ճգնաժամերն անխուսափելի ու… բնականոն են, ինչպես վատի և ավելի վատի անխտիր հերթագայությունը մեր կյանքում։

Ինձ միշտ ու ամեն անգամ հիացնում է այն գրականությունը… որը նորից ու նորից հաջողացնում են հանճարեղորեն բստրել Ոդիսականն ու Ուլիսեսը չկարդացած մարդիկ։

Ես անընդհատ ջուր եմ… գրել եմ, երբ անընդհատ ջուր էի, հիմա օդորակիչ ենք առել։

Իսկ իրականում ճար չկա ազատվելու… ազատվելու բնական անհրաժեշտությունից։

Երբ մարդու բանականությունը հաղթում է ռիսկի գնալու գայթակղությանը… ուրեմն նա մի տարով էլ կստորագրի իր աշխատանքային պայմանագիրը։

Ու ես գրում եմ, որովհետև… բավականին ծույլ եմ այդ նույն ընդգրկումով կյանքն ապրելու համար։

Իմ միջի խելացին ավելի ուժեղ է… քան իմ միջի իմաստունը։ © Իմ միջի իմաստուն

Սոցցանցերը մեզանից խլում են… ապրելու ժամանակ և տալիս կենսագրության խաբկանք։

Հայերենը հնարավոր է հունցել, ճմռթել, արդուկել, պաշտել, ոտնատակ տալ, շնչել, բայց… այս մոլորակի վրա ապրող մնացած 6,99 մլրդ մարդկանց համար դա հիմնականում միևնույնն է։

Ինձ համար կարևոր է… առավոտյան սուրճը, մայրիկիս հանգստությունն իմ կյանքի ու առողջության համար, նույն հաշվով իմ հանգստությունը տղաներիս համար։

Բույսերի հանդեպ իմ սերը նման է… մարդկանց հանդեպ իմ սիրուն, ուղղակի մարդկանց չես կարող ուզածդ քանակով և տեսակով բուծել և բզբզալ։

Իմ միջի զգայունն… ավելի շուտ ծաղկած ծառով կհուզվի, քան լավ բանաստեղծությամբ։

Եվ այդուհանդերձ… բանաստեղծությունն անփոխարինելի է՝ իբրև ծառի հանդեպ սերը տարածության ու ժամանակի մեջ երկարաձգող կոդ։

Երեխաներիցս սովորում եմ ամեն օր… լինել աննպատակ հետաքրքրված ու անհիմն զվարթ։

Ամենաազդեցիկ ֆիլմը… որի վրա մի 3 երկիր, 150 մարդ աշխատել են մեկ տարի ու ծախսել Շիրակի մարզի տարեկան բյուջեի քառապատիկը, մեկ օրից ավել չի կարող սեղմել սիրտդ։

Մարդ սկսում է գիտակցել սեփական տարիքը, երբ… ընկերների հետ խոսակցությունները սիրային տվայտանքներից ու սուր քաղաքական, գրական բանավեճերից մանրից սկսում են վերածվել անամնեզի քննարկումների։

Իմ միջի հոռետեսը… խորհրդատվական ձայնով է մասնակցում բոլոր որոշումներին և քվորումին չի մասնակցում։

Ամենաշատը չեմ սիրում… նվիրյալ, առավել ևս ձև բռնած անդամներին՝ միաբանության տեսակն ու գաղափարախոսությունը կապ չունեն։

Երբեմն մտածում եմ, որ ուշացել եմ… երբ վատառողջ եմ, բայց երբ առույգ եմ, ինձ թվում է, որ ամեն ինչ նոր է սկսվում իմ կյանքում։

Իմ միջի սիրահարվողը… կարող է գլուխս կորցնել անգամ մայթեզրին աճած փոքրիկ խատուտիկից, առհասարակ գլուխս կորցնելու առիթներ է փնտրում։

Կար ժամանակ, երբ ես… նիհար էի 20 կիլոգրամով և վստահ, որ ավելի հրաշալի արարած դեռ չի տեսել այս աշխարհը։

Նարեն… ամբողջացնում է իմ՝ հանգիստ ապրելու և մեռնելու պատճառների ոչ այնքան երկար ցանկը։

Շատ մտածելը խանգարում է… նոր իմաստներ և նոր փորձառություն գտնելուն, ինչպես շատ ու ինքնամոռաց աշխատելը՝ իրապես ու նորմալ վաստակելուն։

Իմ միջի խենթը… կարող է կանացի ֆեյք ըքաունթ բացել ֆեսյբուքում և նրա անունից բանաստեղծություններ հրապարակել ու ես բացի ձանձրույթը հաղթահարելն ուրիշ բացատրություն չունեմ սրան։

Ձանձրույթի տաղտուկը… մեր իսկ նախագծած հարմարավետության զոնայում երկար մնալուց է սկսվում։ Ես երկար եմ տառապել, մինչև մի օր հասկացա, որ տեսականորեն մեր հարմարավետության տիրույթը կարելի է ընդլայնել մինչև անվերջություն ու ի վերջո մարդավարի ու վերջնական մեռնել ձանձրույթից՝ անընդհատ փնթփնթալու փոխարեն։

Մարդկանց հետ շփումները… օգնում են վերահաստատել այն միտքդ, որ մեկ է՝ դու ամենահրաշալի արարածն էս ողջ տիեզերքում։

Որքան էլ փորձում եմ… լուրջ ձևանալ, մեկ է՝ ես անլուրջ եմ։

Ես Կարեն Անտաշյանն եմ… այո, սա իմ իսկական ագանունն է և ոչ գրական կեղծանունը, ու խնդրում եմ, դադարեք ինձ սիրաշահելու համար անՏաշյանի տ-ն դեպի թ մեղմացրած արտասանել՝ իբրև քաղաքավարության ժեստ։

Զրուցեց Շուշան Կարապետյանը

Ամբողջությամբ՝ vivaronews.am



Նման նյութեր