Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի անունը միշտ կապվում է փոփ երաժշտության գրեթե բոլոր կատարողների հետ: Շատերն են սկսել այս թատրոնից եւ շատերն էլ այս թատրոնից դուրս են եկել՝ ոմանք վիրավորված, ոմանք երախտագիտությամբ, իսկ Ա.Գրիգորյանը շարունակում է նոր կադրեր պատրաստել ու բեմ հանել: Ինտրիգներն արդեն մեկ տասնամյակ ձգվում են ու շարունակվում երեւի թե նաեւ այն պատճառով, որ Ա. Գրիգորյանը չի ցանկանում թատրոնից դուրս երեւալ ու խոսել:
– Ես ձեւեր չեմ թափում, ինձ հարցազրույցները չեն հետաքրքրում: Ես հասել եմ դրան, որ հասկանամ՝ Արթուր Գրիգորյանը ինձ խանգարում է ապրել: Հետաքրքիր չէ, ով ինչ է իմ մասին մտածում: Երկու ամիս փակվեցի տանս ու ոչ մեկին տեսնել չէի ուզում: Շատ զիլ բան ասաց Ռուբեն Հախվերդյանը, երբ իրեն հարցրեցին խմելու մասին, նա պատասխանեց՝ խմել-չխմելը նույն բանն է, բայց երբ չեմ խմում՝ բթանում եմ: Նա չի ստում՝ իր ապրելաձեւն է այդպես: Հերիք է քիչ թե շատ հայտնի մարդկանց ասածներից ու արածներից կպչել:
– Երգի թատրոնը 10 տարեկան դարձավ ու կարծես մի տեսակ ծերացավ՝ բեմը փլվում է, երգիչներ չկան: «Կանաչ գոտի» նախագիծն արդարացրե՞ց իրեն:
– Ես գիտեմ, որ ինձ այսքան ժամանակ է տրված ապրելու համար ու ուզում եմ ապրել կախված չլինելով վերանորոգումից, շենքի վիճակից: Իսկ «Կանաչ գոտին» վատ նախագիծ չէր, գուցե շատերի համար` մի քիչ շինծու, բայց այն հասավ իր նպատակին: Դա արվեց, որ հիմա՝ մեկ ու կես տարի անց, 40 հոգուց մնա ընդամենը հինգ երգիչ, այն էլ` տարիքով շատ փոքր: Նրանց ես դեռ բան ունեմ տալու: Չմոռանանք, որ էստրադան շատ տափակ ու ախմախ ժանր է: Շատերը համարում են, որ դա թեթեւ ժանր է, իրականում՝ շատ ծանր: Թեթեւ լինելը ծանր գործ է, որովհետեւ էստրադայի շուրջն ինտրիգներն ու բամբասանքները շատ ավելի են, քան պետք են:
– Իսկ ի՞նչ է պետք երկար ու հաջող էստրադային կարիերայի համար:
– Մերկ մարդը` մերկ բեմում. դա է էստրադան: Վերջ՝ դու ես ու դու, ոչ մի դիզայն, լույս, էֆեկտ քեզ չի փրկի, եթե մեջդ բան չկա: Հիմա մեր թեթեւ ժանրում երգերն ու մարդիկ այնքան շատ են, որ զզվելի է դարձել: Չի կարելի այնքան շատ երգ, կլիպ ունենալ հեռուստատեսությունում: Էստրադան այնքան շատ է, որ ցածրաճաշակ է դարձել, ռուսերեն ասած` «տՏՔսօռ»: Ես չեմ ուզում, որ իմ երեխաները դա լսեն:
– Բայց դուք թարմ էստրադային ուժերի հիմնական մատակարարողն եք: Համարյա բոլոր երգիչների ետեւում դուք եք կանգնած: Գուցե ճիշտ է թողնել այդ գործը:
– Մտածել եմ դրա մասին: Փակե՞լ թատրոնը: Գիտեմ մի բան, ոչինչ ոչ մի դեպքում փակել պետք չէ: Փակ դռները միշտ սխալների են հանգեցնում: Էդ ո՞ր փակ դուռն է օգուտ տվել: Սովետական շրջանում սեքսը փակ դռան ետեւում էր, ու մարդիկ թերի էին մեծանում: Ես չեմ ունեցել շրջան, որի մասին կարող եմ ասել՝ շատ բարդ էր, թեեւ իմ առաջ էլ էին փակում դռները: Բայց չկա մարդ, ով այս թատրոնից է դուրս եկել ու ոչ մի բանի չի հասել: Ունենք Շուշան Պետրոսյան. բառերն ավելորդ են: Ունենք Նունե Եսայան, որը ցույց տվեց, թե ինչպես գյուղացի աղջիկը կարող է շատ հայտնի ու սիրելի դառնալ: Արամոն ու Էմման, որոնք իրենց ընտրած ձեւի մեջ շատ ճիշտ են: Լինում են անկումներ, բայց դրանք ժամանակավոր են: Ինձ համար մեծ ցավ է Վարդուհի Վարդանյանը, որը հիմա ակումբում է երգում: Նա շատ բանի կարող էր հասնել: Բայց ես իրավունք չունեմ իրենց փոխարեն որոշումներ կայացնել, կյանքն առաջ է գնում:
– Դուք շատերին եք օգնել, առաջ հրել:
– Ես դա հաշվենկատությամբ չեմ արել՝ սիրել եմ, հավատացել ու օգնել: Այս ժանրում, ուզես թե չուզես, գլուխդ սկսում է պտտվել: Թվում է, թե դառնում ես աստղ: Դա վարակ է: Երբ մտածում ես, որ ամեն տեղ անընդհատ պիտի երեւաս, աղբ ես դառնում: Ես էլ վախեցա վարակվել ու երբ զգացի, որ ինձ հոսանքը տանում է, կողք քաշվեցի ու հիմա հազվադեպ եմ երգում: Ես չեմ տպվում, դրա ժամանակը չունեմ:
– Հաճախ դուք սառը ջուր գլխներին լցնողի դերում եք լինում:
– Լավ եմ անում: Ալլա Լեւոնյանը, երբ զանգահարում ու ասում է, որ իր գյուղում է, ասում եմ՝ լավ ես արել, մի մոռացիր` որտեղից ես գալիս, հիշիր ամեն ինչ, դու սկիզբ վերադառնալու հնարավորություն ունես: Ես էլ, երբ Ղարաբաղ եմ գնում, մարդ եմ դառնում: Երբ Դավիթաշենից գալիս եմ թատրոն, կյանքիս կեսը գնում է էս ճանապարհներից, մարդկանցից, իրավիճակից, գնում եմ Ղարաբաղ ու շունչ հավաքում: Այսօր երիտասարդների հետ աշխատելը շատ ավելի բարդ է. ես վախենում եմ նրանց վիրավորել: Բայց չեմ ուզում, որ փորձի ժամանակ ինձանից հետո մտնեն դահլիճ կամ դուրս գան, երբ, օրինակ, բջջայինն է զանգում: Եթե մարդը սխալվում է, դա պիտի իր սխալը լինի, որպեսզի նա մեղավորը իրեն համարի, այլ ոչ թե ուրիշներին: Շատերն են ինձ դժվար մարդ համարում, բայց ես շատ հեշտ եմ: Փորձում եմ սովորեցնել, որ փողի համար ծախվել պետք չէ: Գիտեմ, որ երբ սխալվելու հնարավորություն ես տալիս, մարդը հազվադեպ է սխալվում:
– Ձեզ կարելի՞ է ստիպել անել մի բան, որ չեք ուզում:
– Այո, երբ պատասխանատվություն եմ զգում։ Ընտանիքում, օրինակ: Երբ կինս շատ զգուշորեն ասում է՝ գիտե՞ս, մեր փողերը վերջացել են, դա ամուր տպվում է իմ մեջ ու ամեն ինչ անում եմ, որ փող գտնեմ:
– Ինչպիսի՞ն պետք է լինի կինը: Գեղեցիկ աղջիկները շատ են եւ՛ էկրանին, եւ՛ բեմերում:
– Ի՞նչ է նշանակում` գեղեցիկ: Ինձ համար գեղեցիկ կին է Տաթեւիկ Հովհաննիսյանը, որը բնավ համաչափ դիմագծեր ու կազմվածք էլ չունի, բայց նա գեղեցկուհի է: Նա կարող է էստրադա երգել, բայց չծախվել հաջողության համար: Իսկ յուրաքանչյուր կին շատ բարդ խնդիր է տղամարդու համար: Եթե տղամարդը թեթեւ ու հեշտ է վերաբերվում կնոջը, ուրեմն նա ապուշ է: Կինը պետք է բարդ ու անբացատրելի լինի: Ընտանիքում եւ ընդհանրապես կյանքում պետք է ինտրիգ լինի: