Playboy հանդեսի նախկին մոդել Քերըն Մաքդուգալը մարտի 22-ին ներողություն է խնդրել ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփից 2006-2007 թվականներին նրա ամուսնու հետ ենթադրվող արտամուսնական կապերի համար:
«Ես էլ ինչ կարող եմ ասել, բացի այն, որ «ներողություն եմ խնդրում»: Ցավում եմ: Ես չէի ցանկանա, որ նման բան ինձ հետ տեղի ունենար»,- CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է նա՝ դիմելով առաջին տիկնոջը: Մաքդուգալը խոստովանել է, որ այն ժամանակ գիտեր Թրամփի քաղաքացիական կարգավիճակի մասին: Նա ընդգծել է, որ գործարարի դավաճանության մասին մեծ դժկամությամբ է խոսում, որովհետև «մեղավոր է զգում իրեն»: Նախկին մոդելը պատմել է, որ ձեռնարկատերն իրեն փող է առաջարկել ինտիմ կապերից հետո:
«Մեր ինտիմ հարաբերությունից հետո նա փորձեց ինձ փող հանձնել, և ես իսկապես չգիտեի, թե ինչպես դրան արձագանքել: Ինձ երբեք այդ ձևով փող չէին առաջարկել: Ես նայեցի նրան և ասացի, որ այն կանանցից չեմ»,-նշել է նա:
Ավելի վաղ Մաքդուգալը հայցով և միջնորդությամբ դիմել է Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) դատարան՝ իրեն ազատելու Թրամփի հետ ինտիմ կապերի վերաբերյալ տվյալները հրապարակավ չբացահայտելու պարտավորությունից: Համանման հայց ավելի վաղ դատարանին ներկայացրել է նաև նախկին պոռնոդերասանուհի և մերկապարուհի Ստեֆանի Քլիֆորդը:
Նա նույնպես պնդում է, որ Թրամփն ավելի քան 10 տարի առաջ իր հետ դավաճանել է կնոջը՝ Մելանյային: Քլիֆորդը, ինչպես և Մաքդուգալը, պնդում են, որ սկանդալի սքողումը կոնկրետ նախաձեռնել է ԱՄՆ-ի ներկայիս նախագահի իրավախորհրդատու Մայքլ Քոենը:
Նախագահն ինքը քանիցս հերքել է իր հասցեին հնչած նմանօրինակ բոլոր մեղադրանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: