Հայաստանը մեծ հաջողությունների է հասել «Եվրոիմաժ» համատեղ կինոարտադրության և կինեմատոգրաֆիկ ու աուդիովիզուալ աշխատանքների վարձույթի եվրոպական հիմնադրամին անդամակցության շնորհիվ։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը։
«Եվրոիմաժի» 150-րդ նիստն առաջին անգամ անցկացվեց Հայաստանում։ Միջոցառման շրջանակում ներկայացվել են 54 նախագիծ աշխարհի 38 երկրից։ Նիստի արդյունքում ֆինանսավորում են ստանալու նախագծերից 20-ը (2 անիմացիոն ֆիլմ, 1 վավերագրական, 17 գեղարվեստական)։ Հայաստանը հիմնադրամի անդամ է 2016 թվականից ։
«Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմն ու Յուրի Բիկովի «Ֆաբրիկան», որոնք հայ-ռուսական նախագծեր են, «Եվրոիմաժի» ֆինանսավորում են ստացել», — ասաց Միրզախանյանը։
Նրա խոսքով` «Եվրոիմաժը» 250 հազար եվրո է տրամադրել «Սպիտակ» ֆիլմի նկարահանման համար։ Ֆիլմը նվիրված է Հայաստանի ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցին։ «Ֆաբրիկա» ֆիլմը 200 հազար եվրո է ստացել։
հայկական կողմը ներկայացրել է նաև Յուսուփ Ռազիկովի «Սուսերով պարը», որը պատմում է հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին, բայց հայ-ռուսական այս նախագծին գումար չեն տրամադրել։
«Ֆիլմը պատմում է, թե ինչպես 1942 թվականին կոմպոզիտորը գրեց իր գլուխգործոցը` «Գայանե» բալետը», — ասուլիսի ժամանակ ասաց «Եվրոիմաժում» Հայաստանի ներկայացուցիչ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը։
Նրա խոսքով` այն, որ «Եվրոիմաժը» հրաժարվել է ֆիլմին գումար տրամադրել, չի նշանակում, որ այն չի նկարահանվելու։
Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am