Կյանքից վաղաժամ հեռացած, բայց գեղեցիկ ու խորիմաստ երաժշտական ու գրական ստեղծագործություններ թողած Էդգար Էլբակյան կրտսերի գործերը նոր շունչ են ստացել: Տաղանդաշատ երիտասարդի մանկության ընկերոջ` դերասան Ստեփան Ղամբարյանի նախաձեռնությամբ և Մշակույթի նախարարության աջակցությամբ լույս է տեսել «Ընկերոջս» խորագրով երգերի ձայնասկավառակն ու «Գծից այն կողմ» ստեղծագործությունների ժողովածուն։ Երևանյան կոլորիտային վայրերից մեկում կայացավ ձայնասկավառակի և գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին Էդգար Էլբակյան կրտսերի ընտանիքի անդամները, ընկերները, նրա երգերը կատարած արտիստները:
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նա նշեց, որ Էդգարին դեռ մանկուց էր ճանաչում, բայց հիմա, երբ թերթում ու ծանոթանում է նրա ստեղծագործություններին, ապշում է կյանքից վաղաժամ հեռացած պատանու այդ տարիքում ունեցած երաժշտականության, բանաստեղծականության, զգացական ներաշխարհի ու խորը փիլիսոփայական դրսևորումներից: «Ազնվորեն ասեմ, որ այսօր մշակութային դաշտում շատ դժվար է պեղել ու գտնել արվեստի այն առկայծումները, որոնք արժանի են պետական հովանավորության: Հավատացեք շատ դժվար է, թվում է, թե շատ են, բայց այդ հսկայական առաջարկների մեջ հատուկենտ, ադամանդի նման առաջարկներ են, որոնք արժանի են ուշադրության և կարող են հետք թողնել մեր կյանքում: Եվ այս ստեղծագործությունները արժանի էին հատուկ ուշադրության»,-ասաց նախարարը: Նա ուրախությամբ փաստեց, որ Էդգար Էլբակյանի ստեղծագործություններից մի քանիսը, որոնք հասցրել են կարճ ժամանակում սիրվել հանդիսատեսի կողմից, նոմինացվել են «Ծիծեռնակ» մրցանակաբաշխությանը, իսկ դրանցից մեկը կարժանանա մրցանակի: «Ես պարզապես տեղյակ եմ ժյուրիի գնահատականին, դրա համար շտապում եմ բարձրաձայնել: Չեմ ասի, թե որ երգը, ամսվա վերջին մրցանակաբաշխության ժամանակ մենք ևս մեկ անգամ ուրախության և հպարտության առիթ կունենանք, որ ժամանակին գրված և երկար ժամանակ սպասված այս ստեղծագործությունն այսօր երկրորդ շնչառությամբ եկավ մեր կյանքում և իրականության մեջ ինչ-որ բան փոխելու»,-ընդգծեց նախարար Ամիրյանը:
Էդգարի հայրը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ դերասան Արմեն Էլբակյանը վստահ է`բոլոր գրքասերները որդու գրքի մեջ կզգան ժամանակի զարկերակը ու իրենց սրտին համահունչ շատ բան կգտնեն: «Էդգարը տարբեր տարիքում է գրել և բանաստեղծությունները, և երգերը, և ես միշտ էլ զգացել եմ, որ դրանք շատ խորը ներքին աշխարհ ունեցող մարդու ստեղծագործություններ են: Իմ գրող ընկերներից շատերը, ովքեր կարդում էին նրա տետրակներում գրված բանաստեղծությունները, ասում էին եկեք հրատարակենք, բայց նա 14-15 տարեկան տղա լինելով ասում էր ` «պապ, ես դեռ պատրաստ չեմ»: Այն, ինչ այսօր հրատարակված է, Էդգարի ասելով` ինքը դեռ պատրաստ չէր»,-նշեց դերասանը:
Տարբեր թեմաներով ստեղծագործած Էդգարի Էլբակյանի ոգեշնչման աղբյուրը, հոր խոսքով, իրականության սուր զգացողությունն ու մարդկանց հետ շփումներում միշտ բաց լինելն էր: «Նա իրականության շատ սուր զգացողություն ուներ, հեշտ էր մարդկանց հետ շփվում, բոլոր շրջապատներում դառնում էր սիրելի: Կարծում եմ, որ նրա ոգեշնչման աղբյուրն Աստծո տված իրականության սուր զգացողությունն էր»,-ընգծեց վաստակավոր արտիստը:
«Էդգարն ութ ամսականից, երբ դեռ չէր էլ քայլում, սկսել էր երգել, ռիթմի ուժեղ զգացողություն ուներ, բոլորը զարմանում էին: Երբ փոքր էր ուզում էր հեքիաթի փոխարեն իր համար Շեքսպիր կարդայինք: Ուրիշ ծնողներ ինձ ասում էին` «ինչու եք ծանրաբեռնում երեխային», չգիտեի, որ այդպես կլինի, բայց հասկանում էի, որ քիչ է նրա համար ուղղակի հեքիաթներ կարդալը, մանկական ներկայացումներ նայելը, նա ուզում էր ավելին, երևի պետք է հասցներ»,-ասաց մայրը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Էլբակյանը:
Դերասան Ստեփան Ղամբարյանն էլ նշեց, որ երկար է սպասել այս իրադարձությանը, որի առիթով հուզված ու ոգևորված է: «Ընկերոջս» ձայնասկավառակում, բացի մեներգերից կան նաև դուետներ, որոնց ստեղծման աշխատանքներում մասնակցել է 14 արտիստ: «Այս ալբոմի թողարկմանը մասնակցած յուրաքանչյուրին ուզում եմ հատնել իմ շնորհակալությունը: Ալբոմում մեզ են միացել Ֆելիքս Խաչատրյանը, Սարգիս Մանուկյանը ԱՄՆ-ից (հեղ. «Էմփիրեյ» խմբի նախկին մենակատար), Ռադիկ Գաբրիելյանը, Մերի Վարդանյանը` Եվրատեսիլի հաղթող աղջիկը, այլ Մարթա Կիրակոսյանը, Գրիգոր Կոկչյան»,-ասաց Ստեփան Ղամբարյանը: Նա նշեց, որ ամեն ինչ կանի տաղանդավոր ընկերոջ` դեռևս չհնչած 19 երգերին ևս կյանք տալ: Դերասանի խոսքով` Էդգարը բազմակողմանի ու բազմաֆունկցիոնալ մարդ էր, զարգացած ամեն ասպարեզում` երգարվեստում, թատերարվեստում, գրականության մեջ ու նրա շնորհիվ է, որ ինքն այսօր դերասանությամբ եմ զբաղվում: «Ինքն է ինձ ոգեշնչել, որ միասին ընդունվել ենք Թատերական ինստիտուտ»,-ավելացրեց Ստեփան Ղամբարյանը:
Հանդիսատեսի կողմից մեծապես սիրված ու հիթ դարձած «Լուսին» երգի կատարող երգչուհի Սոնա Ռուբենյանը ստեղծագործության հաջողությունը կապում է նրա հետ, որ այն կախարդական ձգողականություն ունի իր մեջ: Երգչուհին չբացառեց, որ հետագայում ևս իր երգացանկում կունենա Էդգարի Էլբակյանի ստեղծագործություններից, որոնք մեղեդային երաժշտության և իմաստալից խոսքերի համադրություն են: «Շատ հարուստ ներաշխարհ ունեցող ստեղծագործող է Էդգարը: Ինչպես արդեն բոլորն էլ համոզվել են «Երգ-երգոց» հաղորդումը նայելիս, յուրաքանչյուր երգ շատ գեղեցիկ է, մեղեդային, խոսքերն էլ շատ հագեցած ու գեղեցիկ են»,-ասաց երգչուհին:
Երգչուհի Անի Ամիրյանն էլ, ում կատարմամբ սկավառակում տեղ է գտել Էդգարի «Լույս-մոմը վառիր» ստեղծագործությունը, նշեց, որ մեծ պատասխանատվությամբ և սրտի թրթիռով է երգել` հասկանալով կատարվող աշխատանքի մեծ արժեքը: «Էդգարի մասին լսել եմ, անձամբ չեմ ճանաչել, ինձ համար մեծ պատիվ էր իր երգը կատարել, առավել ևս երբ այն լսեցի: Շատ մաքուր, զուլալ երգ է, որն այսօր շատ պակասում է մեր երգարվեստում»,-ասաց երգչուհին:
Էդգար Էլբակյան կրտսերը ծնվել է 1982 թվականի հունիսի 30-ին: Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում: Խաղացել է թատրոնում, կինոյում: Տարբեր թատրոններում իրականացրել է մի շարք բեմադրություններ։ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրված Օ՝ Նիլլի «Սերը ծփիների տակ» ներկայացման երաժշտության հեղինակն է։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում անցկացված մրցույթում արժանացել է պատվո դիպլոմի։ Հետմահու նրան շնորհվել է նույն ինստիտուտի «Ոսկե դիմակ» մրցանակը։ Էդգար Էլբակյան կրտսերը շուրջ հարյուր բանաստեղծությունների, թատերգությունների, պոեմների, պատմվածքների և երգերի հեղինակ է։ 2002 թվականին լույս է տեսել Էդգար Էլբակյան կրտսերի «Գծից այն կողմ» ստեղծագործությունների ժողովածուն։