Հենրիխ Մխիթարյանն ամեն ինչ կանի հավաքականի ու «Արսենալի» առաջընթացի համար. բացառիկ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հենրիխ Մխիթարյանն ամեն ինչ կանի հավաքականի ու «Արսենալի» առաջընթացի համար. բացառիկ. armeniasputnik.am

Հանրահայտ ու սիրված ֆուտբոլիստը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է անցյալի, ներկայի ու ապագայի մասին։

Մարտի 24-ին և 27-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական երկու հանդիպում է անցկացնելու Էստոնիայի և Լիտվայի ընտրանիների հետ: Մեր հավաքականը ինտենսիվորեն պատրաստվում է առաջիկա խաղերին։ Sputnik Արմենիան զրուցեց թիմի ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանի հետ, որը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»։ Ինչպես ցույց տվեցին զինագործների կազմում խաղերը, Հենրիխը շատ արագ կարողացավ հարմարվել Արսեն Վենգերի թիմի խաղին ու դարձավ «Արսենալի» առաջատարներից մեկը։

«Ուրախ եմ, որ «Արսենալում» կարողացա շատ արագ ինտեգրվել թիմի խաղային ձեռագրի մեջ: Եվ դրա համար շատ շնորհակալ եմ իմ թիմակիցներին ու մարզչական կազմին: Գաղտնիք չէ, որ ֆուտբոլը թիմային խաղ է, ու հենց թիմը ինձ օգնեց դառնալ «Արսենալի» մասնիկը: Ընդ որում, Լոնդոնյան թիմի ամբողջ անձնակազմն իր վերաբերմունքով ու խորհուրդներով կարողացավ տրամադրել ինձ այն խաղին, որը հարկավոր էր ցուցադրել զինագործների մարզաշապիկը կրելով»,- նշեց Մխիթարյանը:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Մխիթարյանը տիտղոսներ նվաճեց` դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող և Անգլիայի լիգայի գավաթակիր: «Արսենալը» վերջին տարիներին չի կարող հպարտանալ իր նվաճած տիտղոսներով, սակայն այդ գործոնը չի ազդում հայ ֆուտբոլիստի մարզումների վրա, ու Հենրիխը պատրաստ է իր թիմակիցների հետ նոր արդյունքների հասնել։

«Իհարկե, «Արսենալը» տիտղոսների պակաս ունի վերջին տարիներին, բայց ես հավատում եմ, որ մենք կկարողանանք արդյունքի հասնել մոտ ապագայում: «Մանչեսթեր Յունայթեդում» և «Արսենալում» ֆուտբոլային տարբեր փիլիսոփայություն ու տարբեր մոտեցում է աշխատում: Երկու թիմերի կազմերում էլ հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ, բայց Լոնդոնում լրիվ այլ բան է: Թիմերը էականորեն տարբերվում են և մարտավարությամբ և խաղաոճով: Այստեղ սկսած ստադիոնի աշխատակիցներից, վերջացրած մարզչական կազմում ու ֆուտբոլիստներով մոտեցումը լրիվ այլ է: Կարծում եմ, որ ես կարողացա արագ հարմարվել «Արսենալի» խաղին, որովհետև Արսեն Վենգերի թիմը հարձակողական ոճի ֆուտբոլ է խաղում»,- ասաց նա։

Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը համարում է, որ մեր ընտրանուն բավականին հագեցած ու դժվար տարի է սպասում։

«Հավաքականի համար ընկերական խաղերով կարելի է ասել նոր ցիկլ է սկսվում: 2018 թվականը հագեցած է լինելու խաղերով ու Ազգերի Լիգայի մրցաշարը, բնականաբար, մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի: Չեմ կարծում, որ հեշտ է լինելու հաղթել խմբում, չնայած շատերը վիճակահանությունից հետո արդեն մտածում էին միայն խմբում հաղթանակի մասին: Իհարկե, մենք հենց այդ նպատակն ենք հետապնդելու, բայց ուզում եմ ընդգծել, որ ժամանակակից ֆուտբոլում կան հավասարազոր ու ուժեղ հավաքականներ: Այսինքն` թույլեր չկան: Հավաքականում, ինչպես միշտ, աշխատանքային լավ մթնոլորտ է տիրում, և հուսով եմ, որ 2018 թվականի վերջում մենք կկարողանանք ուրախանալ հավաքականի արդյունքներով»- ասաց Մխիթարյանը:

Հենրիխն այնքան էլ շատ չի սիրում խոսել հավաքականի կազմում իր դերի մասին` մատնանշելով, որ հաջողության հասնում է ոչ միայն ինքը, այլ թիմը։

.«Ընդունում եմ, որ շատ դեպքերում անհատական խաղն իր հետքը թողնում է խաղի վրա, բայց, միևնույն է, համոզված եմ, որ անհատների վարպետության շնորհիվ է կայանում թիմի ընդհանուր խաղը: Շատ կարևոր է, որ թիմը գործի որպես մեկ օրգանիզմ ու այդ դեպքում արդեն կարող են առանձնանալ նաև առաջատարները: Մյուս կողմից էլ ես արել եմ ու կանեմ ինչ որ կարող եմ, որպեսզի ապահովեմ այն թիմերի առաջընթացը, որոնց կազմում խաղում եմ», այսինքն Հայաստանի ազգային հավաքական և Լոնդոնի «Արսենալ»,- այսպես եզրափակեց մեր հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանը:

armeniasputnik.am