Toyota Engineering Society ընկերության մասնագետները ստեղծել են մարդանման ռոբոտ-բասկետբոլիստ, որին անվանել են CUE: Android ռոբոտը գնդակները նետում է ցանցը 100 տոկոս ճշգրտությամբ:
Ընկերության մասնագետները նվիրել են ռոբոտը Toyota-ի 70-ամյակին: Ռոբոտը 10-ից 10 նետումներով կարողացել է հաղթել 8 պրոֆեսիոնալ բասկետբոլիստների: Միակ խնդիրը այն է, որ ռոբոտը չի կարողանում շարժվել, այդ իսկ պատճառով նրան պետք է ճիշտ դիրքավորել:
Էլեկտրական խաղացողի հասակը 190 սմ է: Ռոբոտը բավականին ծանր է, ինչը թույլ չի տալիս նրան ընկնել:
Գնդակների նետման 100 տոկոսանոց արդյունքը կապված է նեյրոցանցի աշխատանքի հետ:
Արհեստական բանականությունը հետազոտության ընթացքում արել է 200 000 նետում՝ հաշվարկելով հաջող և անհաջող դիրքերը: Հիմա ռոբոտ-բասկետբոլիստը ճիշտ նետումներ է կատարում 4 մետրից:
The Verge-ը հայտնում է, որ CUE-ն ստեղծված է 17 ինժեներների կողմից, ովքեր ստեղծել են ռոբոտը հանգստյան ժամերին: Ինժեներները նախկինում փորձ չեն ունեցել աշխատելու արհեստական ինտելեկտի հետ և ստեղծել են ռոբոտը՝ ուսումնասիրություններ կատարելով համացանցում: Ֆինանսական մեծ հնարավորություններ չունենալու պատճառով ռոբոտը պատրաստված է ձեռքի տակ եղած նյութերով:
Սիրարփի Աղաբաբյան