ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին բռնկված խոշոր հրդեհը և դրա հետևանքով գրանցված ողբերգությունը շարունակում է մնալ ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ վերջին տվյալներով զոհերի թիվը 64-ն է: Հոսպիտալացվել է 14 մարդ, այդ թվում և 3 երեխա, 53-ը բուժումը ստանում են ամբուլատոր պայմաններում: Որոշ աղբյուրներ մարտի 26-ին հայտնել էին 16 անհետ կորածի մասին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ժամանել է Կեմերովո. տեղի ունեցածը «հանցավոր անփութություն» է անվանել՝ հորդորելով համապատասխան մարմիններին տալ կատարվածի իրավական գնահատականը: Նա նաև կոչ է արել կասկածի տակ չառնել զոհերի ու տուժածների մասին հրապարակվող պաշտոնական տեղեկատվությունը: Նախագահն այցելել է հրդեհից հոսպիտալացվածներին:
Կեմերովոյի բնակիչները քաղաքային ադմինիստրացիայի մոտ մարտի 27-ի առավոտյան լայնամասշտաբ բողոքի ցույց են սկսել՝ պահանջելով տեղական իշխանությունների հրաժարականը: Նրանք պնդում են, որ զոհերի և տուժածների մասին հրապարակված պաշտոնական թիվը չի համապատասխանում իրականությանը:
ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստիրկինը հայտնել է, որ առևտրի կենտրոնում հակահրդեհային ազդանշանը չի աշխատել դեռ մարտի 19-ից, ոչ ոք չի զբաղվել այն կարգի բերելով: Բացի այդ, կենտրոնի անվտանգության աշխատակիցը հրդեհի սկսվելուց հետո չի միացրել ազդանշման համակարգը, որն ի տարբերություն հակահրդեհային ազդանշանի, սարքին է եղել: «Մենք չենք կարող որևէ խելամիտ բացատրություն տալ դրան, ինչ-որ չպատրաստված մարդ է եղել»,- հայտնել է նա: Բաստիրկինը հավելել է նաև, որ հրդեհի հետևանքով մահացած 37 անձի ինքնությունը պարզելու համար գենետիկ փորձաքննությունը կտևի մինչև 2 շաբաթ: Նա Պուտինին հայտնել է նաև, որ մինչ այժմ հրդեհի բռնկման ամենահավանական տարբերակը էլեկտրականության կարճ միացումն է եղել: Հրդեհի հետաքննության շրջանակում հարուցված քրգործով ձերբակալվել է հինգ մարդ:
Մինչ օրս շուրջ 400 մարդ արյուն է հանձնել՝ տուժածներին օգնելու նպատակով:
Կեմերովոյում, Եկատերինբուրգում, Պրիմորսկիյ երկրամասում, Ինգուշիայում սուգ է հայտարարվել: Մարտի 27-ի առավոտվա դրությամբ համառուսաստանյան սուգ չի հայտարարվել:
«Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի մոտ դեռ մարտի 26-ից շարունակում են մարդիկ հավաքվել, շատերը թողնում են ծաղիկներ ու խաղալիքներ:
Ողբերգության կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 26-ին ցավակցական հեռագիր է հղել Պուտինին: