Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարն անհնարին է համարում բենզինի հետ ջուր խառնելն ու սպառողին վաճառելը: Պաշտոնյան սա բացատրում է ֆիզիկայի օրենքներով` բենզինը ծանր է, ջուրը թեթև, դրանք չեն խառնվի: «Մեր թեժ գծի վրա չափից շատ ենք այդպիսի զանգեր ստանում, թե գիտենք բենզալցակայաններ, որտեղ բենզինի հետ ջուր են խառնում: Դա անհնար է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը:
Նա նշեց, որ 2017-ին բենզինի և դիզվառելիքի վաճառքով զբաղվող տնտեսվարողների շրջանում ևս անցկացրել են ստուգումներ և նրանից 67 տոկոսի մոտ հայտնաբերել են խախտումներ, որոնք որակական և չափագիտական բնույթի են: Ըստ Խալիկյանի` ստուգումներն իրականացնում են տարածաշրջանում եզակի երկու շարժական լաբորատորիաների օգնությամբ: «Եղել են դեպքեր, երբ հորերը չեն մաքրել ու դրա արդյունքում բենզինի որակի անկում է գրանցվել: Դեռևս սովետական չափորոշիչներով` երկու տարին մեկ պետք է հորերը մաքրել, որպեսզի բենզինն իր որակական հատկանիշները չկորցնի: Եղել է դեպք, երբ ռեգյուլարը փորձել են վաճառել ավելի բարձր բենզինի մակնշման տակ»,- ասաց Խալիկյանը:
Ինչ վերաբերում է չափագիտական խախտումներին, ապա արձանագրվել են դեպքեր, երբ 20 լիտրի անվան տակ 18.5 կամ 19 լիտր են վաճառել վառելիքը: