Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» հակամարտությունը շատ շահավետ է: 2017 թվականին Էլ Կլասիկոն դիտել է 650 միլիոն մարդ: Մեկ խաղը հովանավորների համար գեներացնում է 35 միլիոն եվրո, հեռարձակումը՝ 21 միլիոն եվրո: Նորություներում և հաղորդումներում հիշատակվելը հովանավորներին բերում է 7.6 եվրո, իսկ լիցենզիոն պայմանագրերը՝ 4.1 եվրո: Թերթերն ու օնլայն մեդիան էլ այս ամենին ավելացնում է 3.5 միլիոն եվրո: Ժամանակակից ֆուտբոլում 1 խաղում նման գումարներ վաստակելը դեռևս չգերազանցվող ցուցանիշ է: Այս ամենն անհնար կլիներ, եթե մադրիդյան և կատալոնական ակումբների խաղը լիներ պարզապես առաջատարների հերթական հանդիպում: Անկախ նրանից, թե որ հորիզոնականում են այս թիմերը՝ Կլասիկոն ամենասպասված ֆուտբոլային իրադարձություններից է ամբողջ աշխարհում, առաջին հերթին՝ թիմերի մեջ եղած բացահայտ ատելության պատճառով:
Պարբերաբար խոսվում է այն մասին, որ այս ակումբները մրցում են ոչ միայն՝ ֆուտբոլային, այլ նաև՝ քաղաքական դաշտում: Սակայն դա պարզապես ցուցադրական բնույթ է կրում: Որոշակի քաղաքական խնդիրներ Մադրիդն ու Բարսելոնան, իհարկե, ունեն, սակայն դա չի անդրադառնում թիմերի վրա, քանի որ ֆուտբոլային ակումբները քաղաքական կուսակցություններ չեն: Նրանք պայքարում են ոչ թե՝ գաղափարների, այլ՝ գումարների համար: Շահավետ համագործակցությունում մի բիզնեսը պարզապես չի կարող ատել մյուսին: Այլ հարց են անհատ ֆուտբոլիստները, օրինակ՝ Պիկեն, ովքեր լրջորեն հետաքրքրվում են քաղաքականությամբ և ֆուտբոլից զատ պայքարում են նաև իրենց անհատական գաղափարների համար: Սակայն թե՛ կատալոնական ակումբի, և թե՛ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները նույն Պիկեին մեկ անգամ չէ, որ բացատրել են, որ ֆուտբոլն ու քաղաքականությունը պետք չէ մեկտեղել:
Ո՛չ հովանավորները, ո՛չ գովազդն ու վաճառքը, և ո՛չ էլ երկրպագուների ներդրումները թույլ չեն տա այս ակումբներին գնել Նեյմարին և Կոուտինիոյին, իսկ ցուցադրական ատելությունը հնարավորություն է տալիս լուծել բոլոր ֆինանսական խնդիրները:
Գաղափարական պայքարի առաջամարտիկները ֆուտբոլիստներն ու մարզիկներն են: Մեդիայում և խաղադաշտում նրանք վիրավորում են մեկը մյուսին, խոստանում են, որ երբեք չեն տեղափոխվի մրցակից ակումբ, բայց անգամ Ֆիգուի տեղափոխությունը կատալոնականից մադրիդյան ակումբ ամենաեկամտաբեր գործարքներից մեկն էր պատմության ընթացքում:
«Ռեալի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից շատերն իսպանացիներ են և միասին խաղում են ազգային հավաքականում: Իսպանիայի մարզիչները պարբերաբար նշում են, որ իրենց ֆուտբոլիստները չունեն հակամարտություններ, շատ լավ են համագործակցում, բայց նրանց փոխադարձ ատելության մասին միֆն այնքան ամրապնդված է մեդիայում, որ լրագրողները չեն հանդարտվում և անընդհատ փորձում են հասկանալ, թե ինչպես են հավաքականի ներսում ֆուտբոլիստները ձևացնում, թե լավ հարաբերություններ ունեն: Պատկերն իրականում այլ է: Դրանում համոզվում ենք նաև «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև հակամարտության ամենահայտնի ներկայացուցիչներից մեկի՝ Պիկեի վերջին հարցազրույցից: Կատալոնացի ֆուտբոլիստը նշում է, որ իրենք սոցցանցերից մեկում ունեն հատուկ չաթ, որտեղ քննարկում են խաղերը և կատակում են:
«Մի փոքր ներքին տեղեկատվություն կպատմեմ ձեզ: Բոլորը գիտեն, որ ֆուտբոլիստները զրուցում են WhatsApp-ի ընդհանուր չաթերում: Ես ունեմ մեկ ընդհանուր չաթ ընկերների համար, և մեկը՝ «Բարսելոնայի» թիմակիցների համար: Բայց ես նաև ունեմ շատ սիրելի մի չաթ: Երբ «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև տարբերությունը 8-9 միավոր էր, ես բացեցի ընդհանուր չաթ, որտեղ այդ երկու թիմերի այն ֆուտբոլիստներն են, ովքեր խաղում են Իսպանիայի հավաքականում:
Մեդիան գրում է, որ մենք ատում ենք իրար, բայց, իրականում մենք շատ լավ շփվում ենք: Մենք քննարկում ենք ֆուտբոլային մարտավարությունը, փիլիսոփայությունը, մեր կարդացած գրքերը: Դե, իհարկե, ես կատակում եմ: Մենք իրականում հիմարություններ ենք գրում միմյանց թիմերի մասին: Մենք կարծես փոքր երեխաներ լինենք: Հիմա ինձ համար այդ ամենը շատ զվարճալի է, քանի որ մեր թիմերի միջև տարբերությունը 15 միավոր է: Ես շատ հետաքրքիր և զվարճալի պատասխաններ եմ մտածում այդ թեմայով:
Նախորդ տարի, երբ մադրիդցիները հաղթում էին ամեն ինչ, իրենց շատ լավ էին զգում: Նրանք անընդհատ գրում էին՝ Hala Madrid, և դնում էին գավաթների էմոջիներ: Այս տարի նրանք միայն գրում են, որ վաստակեցին 3 միավոր: Ես նրանց գրում եմ, որ նրանք շատ լուրջ են: Շնորհավորում եմ նրանց՝ դնելով ծիծաղից արտասվող էմոջիներ: Ես անգամ չաթի համար եմ նրան անուն մտածել՝ շնորհավորում եմ»,- պատմել է Պիկեն:
«Ռեալի» և «Բարսելոնայի» պատերազմի ամենահայտնի ներկայացուցիչները, իհարկե, Պիկեն և Ռամոսն են, ովքեր բաց չեն թողնում առիթը՝ իրար հեգնելու համար: Պիկեն ասում է, թե Ռամոսի գոլից հետո կոտրել է հեռուստացույցը, իսկ Ռամոսն էլ պատասխանում է, որ Պիկեն անհաս երեխա է և պետք է մեծանա: Այս հայտարարություններից մեկ շաբաթ անց այս ֆուտբոլիստները հանդիպում են հավաքականում և պատմում մեդիային իրենց ջերմ հարաբերությունների մասին:
Նույն Մեսսին և Ռոնալդուն, որոնց երկրպագուներն անընդհատ վիճում են և վիրավորում իրար, պարբերաբար նշում են, որ հրաշալի հարաբերություններ ունեն իրար հետ. «Մենք միշտ ջերմ հարաբերություններ ենք ունեցել: ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության ժամանակ ես թարգմանություններ էի անում Մեսսիի և Նեյմարի համար: Հետո ասացի նրանց, որ իրենք պետք է վճարեն իմ ծառայության դիմաց»,- պատմել է Կրիշտիանուն:
Հիմա «Ռեալի» և «Բարսելոնայի» երկրպագուների շրջանում ամենաքննարկվող թեման կատալոնացիների նախկին ֆուտբոլիստ Նեյմարի հավանական տեղափոխությունն է մադրիդյան ակումբ: Մեդիայում ամեն օր գրում են, որ կատալոնական ակումբի ֆուտբոլիստներն ու ղեկավարությունը Նեյմարին կհամարեն դավաճան և Ֆիգուի հետնորդ նման քայլից հետո: Սակայն կատալոնական ակումբի ներկայացուցիչները հանգիստ խոսում են Նեյմարի մասին՝ չտեսնելով նրա քայլում ոչ մի տարօրինակ բան:
«Նեյմարը կարող է տեղափոխվել «Ռեալ»: Չեմ տեսնում ոչ մի խնդիր:
Նեյմարը պրոֆեսիոնալ է, և նման տեղափոխությունը քիչ հավանական չէ: Նրան դժվար կլինի լքել ՊՍԺ-ն: Նրանք Նեյմարի վրա մեծ գումարներ են ծախսել:
Սովորաբար կատալոնական ու մադրիդյան այս երկու ակումբներն ամենաուժեղներն են, և պետք է լավ մտածել դրանք լքելուց առաջ: Սակայն հայտնվել են նաև այլ հարուստ ակումբներ, որոնք գրավում են ֆուտբոլիստներին»,- նշել է կատալոնացիների նախկին ավագ Կառլես Պույոլը:
Նեյմարը չի խաղում Իսպանիայի առաջնություն, նրա տեղափոխությունը մադրիդյան ակումբ կարող է չկայանալ, բայց այլ առաջնության ներկայացուցիչ լինելով՝ նա ֆինանսական մեծ օգուտ է բերում երկու ակումբներին էլ:
«Ռեալի» և «Բարսելոնայի» միջև հարաբերություններն ամեն կողմ ընդունում է յուրովի: Ակումբների ղեկավարությունների համար դա շատ շահավոտ բիզնես է, իսկ երկրպագուները ռոմանտիզացնում են այդ հարաբերությունները՝ վերածելով սովորական բիզնեսն ինտրիգների, դավաճանության և գաղափարական պայքարի:
Սիրարփի Աղաբաբյան