Ավելի քան 20 տարուց ավել գործող երևանյան «Սմակ սալաթ» խանութ-սրճարանը շատ երևանցիների սիրված վայրերից է։
Շատերն են ճանաչում դրա հիմնադիր Կարինե Բադալյանին, ով հաջողակ գործարար կնոջ գերազանց օրինակ է։ Նա սիրում ու գնահատում է իր աշխատանքը, կյանքին լավատեսորեն է վերաբերում, փորձում ամեն օր էլ ավելի կատարելագործվել ինչպես աշխատանքում, այնպես էլ կյանքի մյուս ասպարեզներում։
Կանանց մեկամսյակին ընդառաջ Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հարցազրույցների շարք հաջողակ կին գործարարների հետ։ Մեր զրուցակիցն այս անգամ «Սմակ» խանութ-սրճարանի հիմնադիր Կարինե Բադալյանն է։
– Տիկի’ն Բադալյան, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է ժամանակակից կնոջ կերպարը։
– Ինձ համար ժամանակակից կինը նա է, ով գեղեցիկ է, խնամված, լավ մայր է, սիրված կին։ Ժամանակակից կինը աշխատում է, բայց միևնույն ժամանակ հասցնում է տնային գործերում։ Նրա յուրաքանչյուր օրը հագեցած է, լի դրական էմոցիաներով։ Երեկոյան տուն գնալիս նա ոչ թե հոգնած է լինում, այլ ընտանիքից նոր, դրական լիցքեր է ստանում։ Այժմ կյանքի ռիթմը բավական ակտիվ ու բարդ է, շատ դժվար է համատեղել աշխատանքն ու անձնական կյանքը, բայց աշխատող մարդն ավելի կազմակերպված ու արդյունավետ է անում իր թե’ աշխատանքային, թե’ տնային գործերը։
Իմ օրինակից ելնելով՝ գիտեմ, որ հանգիստը ոչ թե ֆիզիկապես է, այլ հոգեպես, և եթե կա հոգևոր հանգստություն, կարող ես հաղթահարել ֆիզիկական հոգնածությունը, չէ՞ որ բավարարվածությունը գալիս է քո ապրած օրից։ Միշտ պետք է հիշել, որ մեր մտքերը նյութական են դառնում, ինչպես մտածում ենք, այնպես էլ լինում է, ուստի պետք է լավատես լինել։ Վատը, միևնույնն է, կա, մեզ հետ անհաջողություններ էլ են պատահում, ոչ միշտ է ամեն ինչ մեր ուզածով ընթանում, բայց միևնույնն է, կյանքին պետք է լավատեսորեն վերաբերել, քանի որ նա, ով դրական լիցք է նվիրում դիմացինին, ինքն էլ դրական լիցքեր է ստանում։
– Դուք Ձեզ երջանիկ համարու՞մ եք։
– Այո, ես երջանիկ եմ, որովհետև ունեմ երկու զավակ, մայր, եղբայր, թոռներ, լավ ընկերներ, ուրախանում եմ նրանց հաջողություններով։ Ունեմ սիրած աշխատանք, ուր ամեն առավոտ մեծ հաճույքով եմ գնում և երբ ներս եմ մտնում, ինձ զգում եմ ասես ձուկը ջրում։ Իհարկե երջանկությունս լիարժեք կլիներ, եթե ամուսինս էլ կողքիս լիներ։ Ցավոք թոռներիս քիչ եմ տեսնում, որովհետև աշխատում եմ և երեկոյան, երբ պետք է ընտրեմ՝ գնամ նրանց տեսնելու, թե տանը հանգստանալու, երբեմն ընտրում եմ երկրորդ տարբերակը։ Հուսամ, որ կգա այն պահը, երբ ես կդառնամ իսկական տատիկ, այլ ոչ թե կլինեմ աշխատող կին։
– Որո՞նք են Ձեր բնավորության ուժեղ և թույլ կողմերը։
– Կարծում եմ ճիշտ կլիներ, որ այդ մասին կարծիք հայտնեին իմ մտերիմները, որպեսզի ուժեղ կողմերս նշելիս՝ ինքնագովեստով չզբաղվեի։Այնուամենայնիվ պետք է ասեմ, որ ես կազմակերպված մարդ եմ, ունեմ պատասխանատվության մեծ զգացողություն, ինքս իմ և շրջապատիս հանդեպ արդար եմ, պայքարող։ Կյանքումս ունեցել եմ պահեր, երբ կանգնել եմ անդունդի առջև, բայց պայքարել եմ, բարձրացել՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները։ Թույլ կողմերից էլ պետք է նշեմ թերևս չափազանց բարությունս։
– Ի՞նչը կցանկանայիք փոխել Ձեր մեջ։
– Կարծում եմ, որ այս տարիքում դժվար թե կարողանամ ինձ փոխել, կարող եմ փոխել իմ վերաբերմունքը որևէ երևույթի հանդեպ։ Ինձ համար կյանքում գլխավորը մարդկային արժեքներն են, միշտ այն կարծիքին եմ, որ մարդկային չափանիշները նույնն են մնում՝ անկախ ապրած ժամանակաշրջանից։ Օրինակ՝ ինչպե՞ս պետք է փոխվի սերը, չէ՞ որ այն բարություն է, և նա, ով կարողանում է սիրել, ուժեղ է։
– Ու՞մ եք ամեն օր մտովի սեր խոստովանում։
– Ամեն օր հիշում եմ հորս, որովհետև նրա հետ հոգեպես շատ կապված եմ եղել։ Նա միշտ որպես ՄԱՐԴ ինձ համար օրինակ է ծառայել. ինչպես էր նա վերաբերվում իր կնոջը, երեխաներին, ընկերներին և աշխատանքին։ Ես երջանիկ մարդ եմ, որովհետև իմացել եմ՝ ումից օրինակ վերցնել։
Ամբողջությամբ՝ wnews.am