Ջերեմի Միքսը, որը ճանաչվել է ԱՄՆ-ի ամենագեղեցիկ հանցագործի, և Topshop-ի սեփականատիրոջ դուստրը՝ Խլոյա Գրինը, ծնող են դառնալու: Այդ մասին հայտնել է Buzzfeed հրատարակությունը:
Զույգի սիրավեպի մասին լուրերը հայտնվել էին 2017 թվականին, երբ պապարացիներին հաջողվեց զբոսանավի վրա նրանց միասին լուսանկարել Թուրքիայի ափամերձ շրջանում: Հոկտեմբերին Միքսը ապահարզան է տվել կնոջը, որը նրան սպասել էր մինչև բանտից ազատվելը: Նրանք ընդհանուր երեխա ունեն:
27-ամյա Գրինի համար սա առաջին երեխան է լինելու: Զույգը պլանավորում է շուտով հարսանիք անել:
Ջերեմի Միքսին սկսել են ԱՄՆ-ի ամենագեղեցիկ հանցագործը համարել 2014 թվականին, երբ ոստիկանության կողմից Facebook-ում հրապարակված նրա լուսանկարն ավելի քան 100 հազար լայք հավաքեց: Տղամարդուն ձերբակալել էին անօրինականորեն հրաձգային զենք և զինամթերք պահելու համար և 27 ամսով բանտ էին նստեցրել:
Բանտից Միքսի դուրս գալուց շատ չանցած, նրան հրավիրում են մոդելային գործակալություն: Այդ ժամանակվանից նա մասնակցել է նորաձևության մի քանի շաբաթների և դարձել Philipp Plein նորաձևության բրենդի դեմքը:
Խլոյա Գրինը Topshop-ի սեփականատիրոջ աղջիկն է և, Forbes-ի տվյալներով, գրեթե 5 մլրդ դոլարի ժառանգորդուհի: Նշվում է, որ նա ոչ մի տեղ չի աշխատում և բարձրաշխարհիկ կյանք է վարում: