Վաննայի ռետինե բադերը առողջության համար վտանգավոր են. գիտնականներ
Advertisement 1000 x 90

Վաննայի ռետինե բադերը առողջության համար վտանգավոր են. գիտնականներ

Վաննաների համար նախատեսված ռետինե բադերը և պլաստիկե այլ խաղալիքները առողջությանը լուրջ վտանգ են ներկայացնում, զգուշացնում է շվեյցարացի և ամերիկացի գիտնականների խումբը: Հետազոտության արդյունքների համաձայն՝ այս խաղալիքների ներքին մակերևույթին «ապրում» են բակտերիաների և սնկերի գաղութներ:

NPJ Biofilms and Microbiomes ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակում Swiss Federal Institute of Aquatic Science and Technology-ի, Swiss Federal Polytechnic School-ի և University of Illinois-ի գիտնականները 11 շաբաթ փորձերի շարք են անցկացրել վաննայի համար նախատեսված նախկինում օգտագործված խաղալիքների, ինչպես նաև նոր խաղալիքների վրա, որոնց համար կենցաղային օգտագործումը նմանակող հատուկ պայմաններ են ստեղծել: Երբ եզրափակիչ փուլում գիտնականները խաղալիքները կտրել են, արդյունքները նրանց ցնցել են. խաղալիքների ներքին մակերևույթի մեկ քառակուսի սանտիմետրին հայտնաբերվել են 5-ից մինչև 75 մլն ախտածին բջիջներ:

Հետազոտողներն ընդգծել են, որ խաղալիքների աղտոտվածության ցուցանիշները կախված էին օգագործվող ջրի տեսակից: Այսպես՝ սնկեր են հայտնաբերվել վաննաների իսկական խաղալիքների գրեթե 60 տոկոսում և կեղտոտ ջրով բոլոր ստուգիչ խաղալիքներում: Պոտենցիալ ախտածին բակտերիաները նույնականացվել են հետազոտված բոլոր խաղալիքների 80 տոկոսում՝ ներառյալ Legionella և Pseudomonas aeruginosa:

Գիտնականների պարզաբանմամբ՝ պոլիմերները, որոնցից խաղալիքները պատրաստվում են, հաճախ ցածր որակի են: Երբ դրանց մեջ է լցվում տաք ջուրը, դրանք օրգանական միացություններ են արտադրում, որոնք բակտերիաների գաղութներին ծառայում են որպես սննդարար նյութ: Դրանից բացի լողանալիս մարդու օրգանիզմը ևս միկրոօրգանիզմները սնուցող նյութեր է արտադրում:

Ինչպես նշել է միկրոկենսաբան Ֆրեդերիկ Հեմսը, լողանալիս բակտերիաների հետ շփումը մի կողմից կարող է ամրացնել երեխայի իմունային համակարգը, մյուս կողմից, սակայն, կարող է բերել աչքերի, ականջների ինֆեկցիաների, ինչպես նաև ծանր աղեստամոքսային ինֆեկցիաների:

med.news.am