Հանցավոր աշխարհի բարձրագույն հիերարխիայի ներկայացուցիչները պայմանավորվել են անցկացնել օնլայն-կոնֆերանս նոր առաջնորդին ընտրելու հարցով՝ այն բանից հետո, երբ հայտնի կդառնա Զախարի Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) բանտարկության ժամկետը:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտ»-ը, «գողերի» միջև նախնական պայմանավորվածության համաձայն, Շաքրոյի տեղը պետք է զբաղեցնի ազդեցիկ սլավոնական «օրինական» Օլեգ Շիշկանովը (Շիշկան, Օլեգ Ռամենսկի): Գործակալության տվյալներով, Շիշկանի թեկնածությունը պաշտպանել է ինքը՝ Զախարի Կալաշովը:
«Գողական» «օբշչակ» միջոցների հավաքագրման համար կշարունակի պատասխան տալ Վասիլի Խրիստոֆորովը (Վասյա Վոսկրես) և Մերաբ Գոգիան (Մելիյա): Շաքրո Մոլոդոյի քննչական մեկուսարանում գտնվելու ժամանակահատվածում Վասյա Վոսկրեսն արդեն իսկ փաստացի Կալաշովի ժամանակավոր ժառանգորդն էր ու վերահսկում էր «օբշչակ»-ը, իսկ Մելիյան մեկ այլ ազդեցիկ սլավոնական «օրենքով գող» Յուրի Պիչուգինի (Պիչուգա) մերձավոր զինակիցն էր:
Սպասվում է, որ «սխոդկան», որն անց է կացվելու մեսենջերների միջոցով, վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կանցկացվի սլավոնական «գողերի» առաջնորդությամբ: Դրան կմասնակցեն նաև մեկ Սոչիում, մեկ Եվրոպայում բնակվող Ալեքսեյ Պետրովը (Պետրիկ) և Մոսկվայում գտնվող Սերգեյ Ակսյոնովը (Ակսեն): Իր կարծիքը նոր, թիվ 1 «օրենքով գողի» մասին կհայտնի նաև Միխայիլ Վոեվոդինը (Միշա Լուժնեցկի), որը ժամանակի մեծ մասն անց է կացնում Շվեյցարիայում: Քննարկմանը կմասնակցի նաև Վլադիմիր Տյուրինը (Տյուրիկ), ով նույնպես ինչ-որ ժամանակ «գահի» հավակնորդների թվում ֆավորիտ էր: Սակայն նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովի սպանության համար Ուկրաինայի կողմից նրա նկատմամբ հետախուզում հայտարարվելու սկանդալից և այդ իրադարձության շուրջ ԶԼՄ-ներում աղմուկից հետո տվյալ մաֆիոզիի շանսերը զբաղեցնել ազատվող աթոռը՝ էապես նվազել են:
Ենթադրվում է, որ նոր, թիվ 1 «օրենքով գողի» ընտրության ժամանակ հաշվի կառնվի նաև Անդրեյ Միրոեդովի (Միրիչ), ինչպես նաև Շալվա ու Դավիդ Օզմանովների կարծիքը, ովքեր Կալաշովի ազգականներն են: Թեև քրեական շրջանակներում եղբայրներն այժմ էական ազդեցություն չունեն:
Իրավիճակին ծանոթ «Ռոսբալտ»-ի աղբյուրը չի բացառում, որ զրույցին կմիանա «հունական» կլանի ղեկավար Լաշա Շուշանաշվիլին (Լաշա Ռուստավսկի): Թույլ կտան արտահայտվել նաև Էդուարդ Ասատրյանին (Էդիկ Օսետրինա): Ճիշտ է, վերջին ժամանակներս նա ավելի հաճախ լինում է Դոնբասում, քան Մոսկվայում:
Նշենք, որ Մոսկվայի Նիկուլինյան շրջանային դատարանն այսօր արդեն իսկ դատավճիռ է կայացրել շորթման գործով, որով ֆիգուրանտներ են «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյն ու ևս 13 հոգի:
Դատարանն ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել մեղադրանքում՝ առանձնապես խոշոր չափերով ունեցվածք ստանալու նպատակով կազմակերպված խմբի կողմից՝ բռնություն գործադրելով, շորթում կատարելը:
Մասնավորապես, Զախարի Կալաշովը դատապարտվել է 9 տարվա 10 ամսվա ազատազրկման, քրեական հեղինակություն Անդրեյ Կոչույկովը (Իտալյանեց)՝ 8 տարվա 10 ամսվա ազատազրման՝ խիստ ռեժիմի գաղութում: Կալաշովի ևս մեկ հանցակից Բատիր Բեկմուրադովը դատապարտվել է 9 տարվա 4 ամսվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում: Մնացած 9 ֆիգուրանտները դատապարտվել են 7 տարի 4 ամսվա ազատազրկումից մինչև 8 տարվա 4 ամսվա ազատազրկման:
Զոհված ամբաստանյալ Անդրեյ Կիտաևի վերաբերյալ գործը դատարանը կարճել է՝ մահվան հիմքով, իսկ երկրորդ զոհված Ֆիլիպպ Դոմասկինի գործը վերադարձրել է դատախազությանը:
Պետական մեղադրողն ավելի վաղ մեղադրական ճառում միջնորդել էր Կալաշովին դատապարտել 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում ու տուգանքի՝ 700 հազար ռուբլու չափով, իսկ Կոչույկովին՝ 9 տարի ու 9 ամսվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում: Մնացած 12 ֆիգուրանտներին դատախազությունը միջնորդել էր դատապարտել 7- 8 տարվա ազատազրկման: