Miss Supermodel World Wide գեղեցկության միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Անաստասիա Վիվտաշը վերադարձել է People’s choice award և Miss internet popular տիտղոսներով։
Miss Supermodel մրցույթը տեղի է ունեցել մարտի 15-23–ը Դելիում, որին մասնակցել են 43 երկրների ներկայացուցիչներ։ Բացարձակ հաղթող է դարձել (Գրան պրիի անալոգը) Ալեքսանդրա Լյաշկովան Բելառուսից, առաջին տեղը զբաղեցրել է Եկատերինա Եվդոկիմովան Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքից։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում Անաստասիա Վիվտաշը պատմեց հեղինակավոր մրցույթի մասնակցությունից ստացած տպավորությունների մասին։ Նա Հայաստան էր վերադարձել նախօրեին և դեռ չէր հասցրել ուշքի գալ. թռիչքը երկար և դժվար է եղել։
«Շատ եմ շփվել Բելառուսի, Ռուսաստանի, Շրի Լանկայի, Հնդկաստանի ներկայացուցիչների հետ։ Բոլորի հետ ջերմ հարաբերություններ եմ ունեցել։ Մրցակցության զգացողություն չկար։ Մենք անդադար աշխատում էինք, քնելու համար ընդամենը երեք ժամ ունեինք։ Մենք պարապում էինք, պատրաստվում ելույթներին, այնպես որ մրցակցության մեջ մտնելու ժամանակ չկար», – նշեց մոդելը։
Անաստասիան հետաքրքիր աշխատանքային առաջարկներ է ստացել Հնդկաստանից, Դուբայից, բայց առայժմ, ինչպես պնդում է մոդելը, պատրաստ չէ պատասխանել դրանց, քանի որ «դեռ ուշքի չի եկել»։
Հնդկաստանն աղջկան շատ դրական զգացողություններ է պարգևել։ Նրա ժպիտին անդադար հաճոյախոսություններ են արել, ու դրա համար նա անընդհատ ժպտացել է։ Նրա խոսքով` ժպիտը հնդիկների կյանքի անբաժանելի մասն է։
Ուղևորությունից առաջ աղջկան մտահոգում էր` կկարողանա՞ ուտել էկզոտիկ Հնդկաստանի ճաշատեսակները, բայց հետո պարզվել է, որ իրեն ամեն ինչ դուր է գալիս։
«Հնդիկները յուրահատուկ խոհանոց ունեն, բայց, քանի որ ես սիրում եմ կծու ուտելիք, շատ ճաշատեսակներ դուր եկան ինձ։ Ուտելիքի հարցում սահմանափակումներ չկային, բայց կազմակերպիչները զարմանում էին, թե մոդելներն ինչպես կարող են այդքան շատ ուտել», – կատակով նշեց Վիվտաշը։
Անաստասիան նշեց, որ Բելառուսի հաղթող մասնակիցը հիանալի աղջիկ է և իսկապես արժանի հաղթանակին, և ինքը շատ ուրախ է Ալեքանդրա Լյաշկովայի համար։
Գեղեցկության միջազգային մրցույթների ազգային տնօրեն Յանա Գրիգորյանը, իր հերթին, նշեց, որ Անաստասիայի տիտղոսները շատ կարևոր են։ Նա խոսեց նաև հնդիկների արտառոց հյուրասիրության մասին։
«Մենք չէինք ցանկանում վերադառնալ Հնդկաստանից, բազմաթիվ դրական զգացումներ ստացանք։ Չնայած համատարած աղքատությանը` մարդիկ այնտեղ բարի են, լուսավոր», – հավելեց Յանան։
Նրա խոսքով` Հայաստանի ներկայացուցիչները հասցրել են բոլորի հետ ընկերանալ և հույս ունեն, որ մի գեղեցիկ օր մեր երկիրը կարող է գեղեցկության միջազգային մրցույթ կազմակերպել և պատվիրակություններ ընդունել աշխարհի տարբեր երկրներից։