Սիրիայի հարցով Ստամբուլում կայանալիք Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովը տեղի կունենա ապրիլի 4-ին:
«Որոշակի երկրներ պահանջում են թուրքական ագրեսիայի դադարեցում ու զորքերի դուրսբերում: Սա կլինի հանդիպման գլխավոր հարցերից մեկը, ինչի պատճառով Էրդողանը նկատելիորեն շտապում է, իսկ դա հանգեցնում է նրան, որ սկսում է ավելի թույլ հարևաններին սպառնալ թե՛ հայտարարություններով, թե՛ գործողություններով: Հայաստանի հասցեին նույնպես եղել են սպառնալիքներ: Անցկացվող զորավարժությունները չեն կարող չմտահոգել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ հավելելով.
«Սիրիական պատերազմի սկզբից միշտ վտանգված է եղել հայաբնակ Քեսաբը: Հիմա էլ է այդպես: Թուրքական զորքերը մոտ են հայաբնակ մի շարք շրջանների.հայությունը ու Սիրիայի քրիստոնեությունը վտանգված են: Վատ վիճակ կարող է ստեղծվել Հյուսիսային Իրաքի եզդիաբնակ շրջաններում, որտեղ նույնպես հայեր կան: Հետևաբար, Ռուսաստանից, Իրանից ու ԱՄՆ-ից պետք է պահանջենք, որպեսզի ճնշեն Էրդողանին, և նա դադարեցնի ռազմական գործողությունները և՛ Հյուսիսային Սիրիայում, և՛ Հյուսիսային Իրաքում, որովհետև այդ երկիրը սպառնում է զավթել կամ խառը բնակչություն ունեցող կամ քրիստոնյա շրջաննները: Ինչ եղել է 1915 թվականին՝ կարող է կրկնվել, որովհետև թուրքը միշտ գործիք է եղել ուրիշի ձեռքում: Կազմակերպիչները միշտ մնացել են ստվերում»:
Քաղաքագետի խոսքով՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ՄԻԵԴ-ում Հայաստանը պետք է բարձրացնի այս հարցը: Բանագնաց ուղարկի Թեհրան և Սիրիա:
«Արևմտամետ մեր ընդդիմությունը, որը սնվում է նրանց փողերով, սիրում է փողոցային շարժումներ կազմակերպել, թող գնա ու բողոքի ակցիաներով գրավեն այդ երեք դեսպանատները: Ինչո՞ւ տեղներից չեն շարժվում»: