Հայաստան-Արցախ մշակութային համագործակցության արդյունքում մայիսի 9-ին Ստեփանակերտում գեղեցիկ բացօթյա համերգային ծրագրով կներկայանա Համահայկական նվագախումբը: Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգայինֆիլհարմոնիկ և Համահայկական նվագախմբերի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը:
«Անցյալ տարի ապրիլի 24-ին կայացավ Համահայկական նվագախմբի առաջին համերգը, և կարողացանք աշխարհի 21 երկրից հայազգի բարձրակարգ երաժիշտների հրավիրել Հայաստան: Այս տարի երկու համերգով հանդես կգանք: Առաջինը տեղի կունենա մայիսի 9-ին Ստեփանակերտի հրապարակում, երկրորդը` մայիսի 14-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ծրագրի ռեժիսորը Արամ Սուքիասյանն է»,- նշեց Սիրունյանը:
Արցախում և Երևանում իրականացվելիք համերգների ծրագրերը տարբեր են: Ելույթ կունենան արցախյան խմբեր, երգչախմբեր, պարային խմբեր, էստրադային և ջազային համույթներ:
Սիրունյանը շեշտեց, որ Համահայկական նվագախումբը 87 անձից է բաղկացած, բայց 160 և ավելի երաժիշտներ, երգիչներ կլինեն բեմում: «Մեզ միանալու են նաև հայտնի դասական և էստրադային երգիչներ: Այս տարի նույնպես 21 երկրից են ժամանել երաժիշտները»,-եզրափակեց նա:
Երևանում նաև Համահայկական երգչախմբի համերգ կանցկացվի: Այն տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ճեմասրահում: Համերգի գեղարվեստական ղեկավարը Ժիրայր Դադասյանն է: Ծրագրում հանդես կգա 247 երգիչ Երևանի, Արցախի և Սփյուռքի երաժշտախմբերից: Կմասնակցի նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Կհնչեն Տիգրան Մանսուրյանի «Վերածննդից՝ հաղթանակ» նոր երկը և Ռոբերտ Ամիրխանյանի «Ազգի համբույրն է հերոսի դեմքին» ստեղծագործությունը: