Արցախը Հայաստանին կապող երկրորդ մայրուղին (Գորիս-Ստեփանակերտ ճանապարհից հետո)՝ Վարդենիս-Մարտակերտը դրական ազդեցություն ունի Արցախի տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտների զարգացման գործում: Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի մշակույթի նախարար Սերգեյ Շահվերդյանը:
«Օղակաձև երթուղին զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս մի գիշեր չկորցնել նույն ճանապարհով Երևան վերադառնալու համար: Դա նաև Մարտակերտի և Երևանի բնակիչների միջև հաղորդակցման խնդիրը լուծեց»,-նշեց նախարարը:
Նա ընդգծեց, որ մայրուղին կարևոր նշանակություն ունեցավ նաև երկրի մշակութային կյանքում: Այն անցնում է Նիկոլ Դումանի տուն-թանգարանի, Գանձասարի, Դադիվանքի մոտով և, բնականաբար, մեծացել է այնտեղ այցելող զբոսաշրջիկների թիվը:
Անդրադառնալով Դադիվանքին` Շահվերդյանը շեշտեց, որ այն Արցախի ամենահետաքրքիր հուշարձանն է դարձել: «Դադիվանքը բացառիկ երևույթ է, քանի որ այնտեղ այցելող մարդը երկնային զգացումներ է ապրում: Դադիվանքն այն հուշարձանն է, որտեղ պահպանվել են Արցախի և Հայաստանի համար բացառիկ ֆրեսկաներ: Դրանք տարիներ առաջ վերականգնել են իտալացի մասնագետները»,-եզրափակեց Սերգեյ Շահվերդյանը: