Օպերայի և բալետի թատրոնը Թամանյանի ամենանշանավոր և ամենաառեղծվածային շինությունն է: Այն մարմնավորում է ճարտարապետի պատկերացումները տարածքի և դրա պատմամշակութային արմատների միջև եղած միստիկ աղերսների մասին: Թամանյանը համոզված էր, որ այն տեղում, ուր ինքը մտադիր էր իրագործել իր վիթխարի հղացումը, ժամանակին գործել է երգի հեթանոսական տաճար, չնայած մինչ օրս այդ բանը հաստատող որևէ հավաստի վկայություն չկա: Համոզմունքը, երևի, այնքան ուժեղ էր, որ նա քանդում է այդ իսկ վայրում` միջնադարյան արմատներ ունեցող Գեթսեմանի մատուռը: Սակայն Թամանյանը չէր հետապնդում հակակրոնական նպատակ: Իր նպատակն էր, երևի, նոր` խորհրդային երգի և պարի տաճարը կառուցել ենթադրյալ հեթանոսական նախատիպ տաճարի ճիշտ նույն տեղում:
Ամբողջությամբ՝ boom.am