Բարիատրիկ վիրահատություններից հետո քաշի կտրուկ կորուստը կապված է ամուսնալուծությունների և բաժանումների թվաքանակի մեծացման հետ նրանց համար, ովքեր զույգ են ունեցել, պարզել են շվեյցարացի գիտնականները: Մյուս կողմից՝ միայնակ մարդիկ հաճախ կյանքի ընկեր են գտել:
«Բարիատրիկ վիրահատություններ կատարող վիրաբույժները նկատում են, որ հիվանդներից շատերը նման կարգի վիրաբուժական միջամտություններից հետո իրենց կյանքում բավականին խորը փոփոխություներ են վերապրում»,- ասել է Մեդիսոնի Վիսկոնսինի համալսարանից (University of Wisconsin in Madison) բժիշկ Լյուկ Ֆանկը, ով JAMA Surgery-ում հրապարակված հոդվածի հեղինակներից մեկն է:
Քաշի զգալի կորուստը և առողջական խնդիրների թեթևացումը, ինչպիսին են արյան բարձր ճնշումը և դիաբետը, դրական փոփոխությունների են բերում ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան իմաստով:
«Այս մարդկանց մոտ հաճախ նոր հետաքրքրություններ են առաջանում, աճում է ֆիզիկական ակտիվությունը, իրենց ավելի ինքնավստահ են զգում, նկատելիորեն բարելավում են իրենց իմիջը: Կարծում եմ, որ սա շատերին ստիպում է վերանայել շրջապատողների նկատմամբ իրենց վերաբերմունքը»,- պարզաբանում է Ֆրանկը:
Նոր հետազոտություններից մեկը 10 տարի ուսումնասիրել է ճարպակալմամբ գրեթե 2 հազար շվեդների ռոմանտիկ հարաբերությունների պատմությունները, որոնք ենթարկվել էին քաշի նվազեցման վիրահատության: Մեկ այլ հետազոտության ժամանակ 29 հազար հիվանդների 3 տարի հետևել են ստամոքսի շունտավորման վիրահատությունից հետո: Դրանք համեմատել են ճարպակալմամբ մեծահասակ մարդկանց տվյալների հետ, որոնք վիրահատական միջամտության չեն ենթարկվել:
Գիտնականները հայտնաբերել են, որ բարիատրիկ վիրաբուժությունը կապված է ամուսնալուծության կամ բաժանման հետ այն մարդկանց համար, որոնք նախքան վիրահատությունը հարաբերություններ են ունեցել, հատկապես նրանց համար, ովքեր առավելագույն քանակությամբ կիլոգրամներ են կորցրել: Նրանք նաև հայտնաբերել են, որ միայնակ մարդկանց համար քաշի զգալի կորուստը կապված էր նոր հարաբերությունների կամ ամուսնության ավելի մեծ հավանականության հետ:
Հետազոտության համահեղինակ Պեր-Արնե Սվենսոնն ասել է. «Այլ հարաբերություններում բարիատրիկ վիրահատությունից հետո քաշի կորուստը, հավանաբար, խնդիր չի համարվում, և շատ դեպքերում վիրահատությունից հետո հարաբերությունները նույնիսկ ամրանում են: Սակայն զուգընկերային հարաբերություններում, որոնք մի փոքր անկայուն են կամ անգործունակ, քաշի կորուստը կարող է մեծացնել զուգընկերների բաժանման հնարավորությունը: Ցավոք, մեր հետազոտությունը կարող է միայն սահմանափակ պատկերացում տալ քաշի կորստից հետո որոշ զույգերի բաժանման պատճառների մասին»:
Հետազոտողները հայտնել են, որ ակնկալում էին գոյություն ունեցող հարաբերությունների ամրապնդում, քանի բարիատրիկ վիրահատություններից հետո հոգեկան բարեկեցությունը և ինքնագնահատականը զգալիորեն ամրապնդվում են:
«Հնարավոր է՝ քաշի կորստից հետո հիվանդները ցանկացել են նոր հարաբերություններ փորձել: Հնարավոր է՝ նրանց զուգընկերները իրենց պակաս կապված են զգացել «նոր մարդու» հետ, որը տարբերվել է նրանից, ում հետ ամուսնացած էին մինչև վիրահատությունը»,- վարկածներ է առաջ քաշել Ֆանկը: