Ֆրանսիահայ շեֆ խոհարար, Michelin–ի երկու աստղի արժանացած Ալեն Ալեքսանյանը երազում է հայկական աուտենտիկ խոհանոցը տեսնել միջազգային խոհարարական քարտեզի առաջին հորիզոնականներում։ Նա համոզված է, որ դրան կարելի է հասնել քրտնաջան աշխատանքով, ինչպես նաև հայկական «ժենգյալով հացը» հանրահռչակելով։
Հայկական խոհանոցը հանրահռչակելու գաղափարի, Պոլ Բոքյուզի դպրոցի և հայ խոհարարների փոխգործակցության, «ժենգյալով հացի», ինչպես նաև իր մասնագիտության մասին Ալեն Ալեքսանյանը պատմել է Sputnik Արմենիային Լիոնում տված հարցազրույցի ժամանակ։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։
– Ձեր ռեստորանում Փարաջանովի դիմանկարն է փակցված։ Սիրո՞ւմ եք նրա արվեստը։
— Շատ եմ սիրում Փարաջանովին, նրա արվեստը, քանի որ կարծում եմ, որ ես նրա պես մի փոքր խենթ եմ։ Մեր անցած ուղին որոշ չափով նման է. այն կյանքը, որը նա ընտրեց, այդքան հեշտ չէր, ինչպես և իմը։ Թեև ես արվեստի գործիչ չեմ, բայց նրա պես փորձում եմ փոխել ինձ շրջապատող աշխարհը։
Հայկական խոհանոցի ուտեստներ եմ պատրաստում, որպեսզի մարդիկ իմանան, որ դրանք կան, իմանան Հայաստանի մասին։ Բացի այդ, Հայաստանից Լիոն խոտաբույսեր եմ ներկրում, որոնցից թեյ եմ պատրաստում։ Ուզում եմ, որ հայկական սփյուռքն ու մյուս ժողովուրդներն իմանան`Հայաստանը միայն Շառլ Ազնավուր և Ցեղասպանություն չէ։ Չկարծեք, թե Ազնավուրին չեմ սիրում կամ չեմ ընդունում Հայոց ցեղասպանությունը։ Ո՛չ, պարզապես ուզում եմ, որ նոր սերունդը և ամբողջ աշխարհն իմանա Հայաստանի մասին, ճանաչի հայկական հարուստ խոհանոցը։
Երբ մենք իտալական կամ ֆրանսիական ուտեստներ ենք ուտում, անմիջապես պատկերացնում ենք այդ երկրները։ Ճիշտ այդպես ուզում եմ, որ իմանան Հայաստանի մասին։ Դուստրս 25 տարեկան է և ապրում է ԱՄՆ-ում։ Նա մի օր ինձ ասաց, որ Հայաստանի մասին այնքան քիչ բան է հայտնի, առավել ևս հայկական խոհանոցի։ Նա բացահայտեց աշխարհում մեր խոհանոցը հանրահռչակելու բացառիկ մեթոդը։ Դուստրս կարծում է, և ես համամիտ եմ նրա հետ, որ «ժենգյալով հացը» այսօրվա դրությամբ ազգային ուտեստներից միակ բանն է, որը միայն հայերն են պատրաստում։ Հանրահռչակելով «ժենգյալով հացը»` կարող ենք հանրահռչակել նաև հայկական խոհանոցը։ Դուստրս շատ է անհանգստանում, ուզում է, որ աուտենտիկ խոհանոցը դուրս գա զուտ հայկական ընտանիքի սահմաններից։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am