Ուղիղ աղին աղեստամոքսային համակարգի մաս է կազմում: Հաստ և ուղիղ աղիներում ավարտվում է մշակված սննդանյութերի ներծծումը: Ինչպես գրում է steptohealth.ru կայքը, հաճախ ուղիղ աղու քաղցկեղը հիվանդության վաղ փուլերում առանձնահատուկ նախանշաններ չի ունենում: Այդ պատճառով կարևոր է իմանալ դրա դրսևորումների մասին, պարբերաբար ախտորոշիչ թեստեր անցնել, եթե հիվանդության նկատմամբ գենետիկ նախատրամադրվածություն ունեք: Որոշ երկրներում այս հիվանդությունը մահացության հիմնական պատճառներից մեկն է: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ դրա բուժման արդյունավետության ցուցանիշները ևս բարձր են, հատկապես այն դեպքում, երբ հիվանդությունն ախտորոշվում է ժամանակին: Վաղ ախտորոշումը և ճիշտ բուժումը կենսական կարևոր նշանակություն ունեն:
Ուղիղ աղու քաղցկեղ և ռիսկի գործոններ
Գոյություն ունեն գործոններ, որոնք մեծացնում են ուղիղ աղու քաղցկեղի առաջացման հավանականությունը.
- 60-ից բարձր տարիք
- պոլիպներ աղիներում
- աղիների քրոնիկական խանգարումներ
- սխալ սնունդ` կարմիր մսի և երշիկեղենի, վնասակար յուղերի և ռաֆինացված մթերքների բարձր պարունակությամբ
- ծխախոտ և ալկոհոլ
- դիաբետ
- նստակյաց կենսակերպ
- ավելորդ քաշ:
Հիմնական նախանշաններից մեկը կարող են լինել փոփոխություններն աղիների աշխատանքի ռեժիմում: Հիվանդը հանկարծակի կարող է սկսել դիարեայով տառապել` չնայած նրա սննդակարգն ու սնվելու ոճը չեն փոխվել: Այսպիսի խնդիրները ժամանակի ընթացքում կարող են հանգեցնել որովայնի հատվածում ցավերի, առանց պատճառի թուլության և հյուծվածության, քաշի նվազման:
Ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել
Չնայած նշված նշանները վախեցնող են, պետք է հիշել, որ դրանք կարող են այլ, ոչ այդքան վտանգավոր խնդրի հետևանք լինել: Այդ է պատճառը, որ ժամանակին մասնագետի օգնությանը դիմելն այդքան կարևոր է: Աղիների հետ կապված ցանկացած խնդրի պետք է հատուկ ուշադրություն դարձնել, եթե ունեք բարեկամներ, ովքեր հաստ կամ ուղիղ աղու քաղցկեղով են տառապել, կամ, եթե ավելի վաղ ձեզ մոտ քաղցկեղի որևէ ձև է ախտորոշվել:
Սնունդը` որպես պրոֆիլակտիկա
Ճիշտ սնվելով՝ կարող եք կանխարգելել քաղցկեղի առաջացումը: Աղիների հետ կապված խնդիրների պրոֆիլակտիկայի գործում կարող է օգնել բջջանյութը: Այն մեծ նշանակություն է ունենում աղիների մաքրման գործում` կանխարգելելով տոքսինների կուտակումը, որոնք արդյունքում հայտնվում են արյան մեջ: Կարևոր է, որպեսզի սննդակարգում ընդգրկված լինեն որքան հնարավոր է շատ մթերքներ, որոնք հարուստ են բջջանյութով.
- մրգեր և բանջարեղեն
- հատիկավորներ
- լոբազգիներ
- ընդեղեն և սերմեր
- սունկ
- ծովամթերք:
Հավելումներ քաղցկեղի կանխարգելման համար
- կալցիում
- վիտամին D
- վիտամին B9
- մագնեզիում
- սելեն (լուսնածին):
Ուշադրություն: Այս հավելումները պետք է ընդունել միայն բժշկի հսկողության ներքո՝ հատկապես այն դեպքերում, երբ առողջության հետ կապված այլ խնդիրներ ունեք և դեղեր եք ընդունում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը