Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն ապրիլյան պատերազմը մեծ դաս և փորձառություն է համարում հայկական բանակի համար: Նա վստահեցնում է, որ զինված ուժերում ստեղծված ցանկացած իրավիճակ վերլուծվում և համապատասխան դասեր են քաղվում, միջոցառումներ են ձեռնարկվում, որ բանակի մարտունակությունն ավելի բարձր լինի:
Եռաբլուր զինվորական պանթեոնում ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն ընդգծեց, որ ապրիլյան պատերազմին հաջորդած երկու տարիների ընթացքում բավականին մեծ աշխատանք է տարվել պատերազմի ընթացքում ի հայտ եկած խնդիրները վերացնելու ուղղությամբ:
«Հակառակորդն այդպիսի ռազմական գործողություն այլևս ի վիճակի չէ իրականացնել, բայց սա չի նշանակում, որ դա բավարար է: Պատերազմն այնպիսի երևույթ է, որ հակառակորդն անընդհատ նոր ձևեր ու մեթոդներ է փնտրում գերակայություն ձեռք բերելու համար, և մենք աշխատանքներ իրականացնում ենք այդ ուղղությամբ»,- նշեց Հակոբյանը:
Հարցին՝ ե՞րբ են հայկական զինված ուժերը հետ վերցնելու Լելե Թեփե բարձունքը, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Երբ դրա անհրաժեշտությունը լինի»: