Օրերս Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնած «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, որն ամփոփեց հայկական երաժշտարվեստի տարբեր ժանրերում ստեղծագործող անհատների, ստեղծագործական խմբերի գործունեությունը: Անվանակարգերը շատ էին, հաթողները՝ նույնպես: Մի շարք երգիչ, երգչուհիներ մրցանակաբաշխությունից հեռացան հաղթանակած, իսկ ոմանք էլ՝ ներկա գտնվեցին պարզապես հյուրի կարգավիճակում: Սակայն կան արտիստներ, որոնց Մշակույթի նախարարությունն ընդհանրապես չանդրադարձավ: Նրանցից մեկը երգչուհի Սյուզաննա Մելքոնյանն է, ով 2017թ.-ին Հայաստանը ներկայացրեց «Նոր ալիք» միջազգային մրցույթում՝ երգչուհի Էռնա Միրի հետ միասին բերելով հաղթանակ:
Life.panorama.am-ը կապ հաստատեց Սյուզաննայի հետ՝ զրուցելու մրցանակաբաշխությանը չհրավիրվելու և որևէ մրցանակի չարժանանալու մասին:
Սյուզաննան մեզ հետ զրույցում խոստովանեց, որ շատ վիրավորված է նման վերաբերմունքից և իրենց չգնահատված է զգում Մշակույթի նախարարության կողմից.
«Սկզբում նշեմ, որ ես ընդհանրապես տեղյակ չեմ եղել, թե ինչ հիմունքներով է առհասարակ անցկացվում մրցանակաբաշխությունը: Ինքս էլ ակնկալիք չեմ ունեցել, որ կնոմինացվեմ, օրինակ, «Լավագույն երգ», «Լավագույն տեսահոլովակ» կամ «Լավագույն կատարում» անվանակարգերում, քանի որ հասկանում եմ, որ դեռ չեմ համապատասխանում դրանց: Սակայն ես Հայաստանը ներկայացրել եմ միջազգային մրցույթում և այնտեղից հաթանակած եմ վերադարձել. չէ՞ որ երգչի կյանքը միայն երգ կամ տեսահոլովակ ներկայացնելը չէ»,- ասաց Սյուզաննա Մելքոնյանը՝ շարունակելով.
«Այն երկրում, որտեղ գոյություն ունի Մշակույթի նախարարություն, կարծում եմ, որ պետք է անպայման անդրադառնային և արժանացնեին որևէ խրախուսական մրցանակի թե ինձ, և թե Էռնային»,- շեշտեց երգչուհին:
Վերջինս նշեց, որ վիրավորված է այն բանից, որ իրեն ոչ միայն չեն արժանացրել որևէ մրցանակի, այլ նաև չեն հրավիրել ներկա գտնվել մրցանակաբաշխությանը.
«Ինձ՝ որպես մարդու, ով կոնկրետ անցած տարի ներդրում է ունեցել երգարվեստում և հաղթանակ է բերել Հայաստանին, չեն գնահատել և նույնիսկ չեն հրավիրել մրցանակաբաշխությանը: Դա ինձ համար արդեն ծայրահեղ անկիրթ քայլ է: Եվ երբ իմ մենեջերը պարզաբանում ստանալու նպատակով զանգահարում է Մշակույթի նախարարություն, պատասխանում է մի երիտասարդ աղջիկ, ով անգիր արած ինչ-որ նախադասություններ է ասում՝ նշելով, որ պետք էր նախօրոք հայտագրվել: Գիտեք, ես առաջին անգամ եմ լսում, որ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար երգիչը կամ երգչուհին պարտավոր է հետևել նախարարության կայքին և հայտագրվել: Բայց կոնկրետ ես ոչ մի պարտավորվածություն չունեմ, ես արդեն իմ պարտքը կատարել եմ՝ միջազգային հարթակում ներկայացնելով իմ երկիրը»,- նշեց Սյուզաննան:
Ամբողջությամբ՝ life.panorama.am