Երեկ՝ ապրիլի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արթուր Խուդյանը Հաղթանակ գյուղի վարչական տարածքում իր վարած Mercedes մակնիշի 34 UN 856 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գավառ քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Գաբրիել Հայրապետյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս իր վարած Daweoo մակնիշի 34 FC 538 համարանիշի ավտոմեքենան կայանել էր ճանապարհի թույլատրելի հատվածում, որպեսզի ստուգեր ավտոմեքենայի արգելակների աշխատանքը, և այդ պահին նա վրաերթի է ենթարկվել։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահագն Էվինյանի, դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Անտոնյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: