Արդեն հայտնի է, որ մարտի 31-ին` Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, կայացել է ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնած «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, որն ամփոփել է երաժշտական տարին և հայտնել տարվա լավագույնների անունները:
Այս մրցանակաբաշխության շրջանակում ժողովրդական երաժշտության ժանրում որպես տարվա լավագույն երաժիշտ-կատարող հնչեց Վարդան Բադալյանի անունը, ով վերջին տարիներին կենտրոնացած է բացառապես ժողովրդական և աշուղական երգարվեստի վրա:
Life.panorama.am-ի հետ զրույցում Վարդան Բադալյանը ուրախությամբ նշեց, որ այս կոչումն իր համար մեծ պատիվ է, բայց այն իրեն որևէ կերպ մեծամտանալու առիթ չի կարող տալ:
«Իհարկե, եթե նոմինացվել էի այս մրցանակի համար, ուրեմն նաև սպասում էի, որ այն ինձ կտրվի, բայց միևնույն ժամանակ այդ օրը քաջ գիտակցում էի, որ մյուս մասնակիցները ևս, ովքեր նաև իմ ընկերներն են, շատ արժանի են համարվելու որպես տարվա լավագույն ժողովրդական երգիչ: Այս իմաստով մրցանակը և սպասված էր, և՝ ոչ: Երբ լսեցի իմ անունը, անխոս շատ ուրախացա, հպարտություն ու գնահատված լինելու զգացողություն ունեցա, բայց այս մրցանակը, որևէ կերպ չի կարող ինձ, այսպես ասած, հանգստություն տալ, որ չշարունակեմ ավելիին հասնել: Մրցանակները շատ հաճելի են, բայց ես դրանցով չեմ ապրում: Ինձ համար մրցանակները ավելի շատ հետագայի համար ապացույց են, որ արժանի եմ եղել: Այդ ամենը արտիստի պատմության մեջ մեծ տեղ ունեն: Հիմա ես շատ հպարտ եմ, որ իմ արվեստը գնահատվեց մեր մշակույթի նախարարության կողմից, և մեծ ոգևորությամբ շարունակում եմ աշխատել»,- նշեց Վարդանը:
Ժողորվական երգն ու պարը վերջին տարիներին առանձնահաուկ սեր է վայելում նոր սերունդների շրջանակում: Վարդան Բադալյանը նկատեց, որ որպես կատարող՝ ամեն ինչ անում է, որպեսզի մեր ազգային արվեստը մեծ տարածում գտնի ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
«Այս մրցանակը ստացել եմ 2017-ին կատարածս աշխատանքի համար, որի ընթացքում իսկապես մեծ աշխատանք է տարվել իմ և «Շերամ անսամբլ»-ի բոլոր երաժիշտների կողմից: Անցած մեկ տարում մենք շատ համերգներ ենք ունեցել, մեր խմբով միայն աշուղական երգեր ենք կատարել: Համերգներ ենք ունեցել Երևանում, Գյումրիում, ինչպես նաև Բեյրութում, Թեհրանում: Մեր խմբից առանձին էլ ես մեծ թվով համերգներ եմ ունեցել Բեյրութում, Ֆրանսիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Ավստրիայում, ԱՄԷ-ում, նաև հանդես եմ եկել մի շարք նվագախմբերի հետ: Անցյալ տարի աշխատանքները շատ են եղել, և հիմա էլ շարունակում եմ նույն կերպ: Այժմ պլաններ ունենք Գյումրիի ժող. գործիքների նվագախմբի հետ գեղեցիկ համերգ կազմակերպել: Ապրիլի 20-ին էլ կկայանա մեր «Շերամ» անսամբլի մեկամյակին նվիրված մենահամերգը: Նարեկացի միության նվագախմբի հետ ամռանը հետաքրքիր պրոյեկտ կիրականացնենք` ներկայացնելով թեհրանահայ աշուղների երգերը, որոնք ոչ մեկ չի լսել: Իսկ մինչ այդ, այս ամսվա վերջին կմեկնեմ ԱՄՆ՝ դարձյալ համերգների»,- նշեց Վարդանը՝ ընդգծելով, որ միշտ մեծ սիրով է աշխատում՝ անկախ մրցանակներից.
«Մրցանակ, կոչում, թե որևէ այլ պարգևատրում պահելն ավելի դժվար է, քան ստանալը: Դժվար է միշտ ապացուցել, որ արժանի ես այդ մրցանակին»,- ավարտեց երգիչը: