Հայաստանում ՌԴ ռազմական ոստիկանության ստորաբաժանման ներկայությունը տարաբնույթ մեկնաբանությունների ու մտահոգությունների տեղիք է տվել: Ռուսական կողմը նշում է, որ այդ քայլը պայմանավորված է ռուսական բազայում կարգուկանոնի ու անվտանգության պահպանման անհրաժեշտությամբ: Հայկական քաղաքագիտական շրջանակներում ՌԴ այդ մտադրությունը կապվում է զանազան հանգամանքների հետ՝ սկսած Ղարաբաղի խնդրում ինչ-ինչ զարգացումներից, վերջացրած ՀՀ ներքաղաքական զարգացումների վրա ազդեցությամբ:
Պաշտոնական երբեմն իրարամերժ բացատրություններից հետո վերջապես պարզաբանում է ներկայացրել Պաշտպանության նախարարությունը, հայտարարելով, թե ռուսական կողմի հետ քննարկվում է դրա ներկայության իրավական կողմը:
Նշվում էր, օրինակ, որ Հայաստանը «ձեռքից գնում» է, եւ որ Գյումրիում ռուսական բազայի հետագա տեղակայումը վտանգված է:
Այս իրադարձություններից հետո էլ հայտնի դարձավ ՌՈ ստորաբաժանման մասին տեղեկությունը: Իր հերթին, հայկական մամուլում այսօր տեղեկություն հայտնվեց, որ Հայաստանը կարող է Ռուսաստանից ստանալ Իսկանդեր նոր դիվիզիոններ:Տպավորություն է, որ Մոսկվայում որոշակի անհանգստություն կա, որ Հայաստանը կարող է ստանալ այնպիսի առաջարկ, այդ թվում նաեւ սպառազինության մասով, որ կարող է չմերժել:
Ընդ որում, այս իրավիճակը կարծես թե անհիմն չէ, եւ պետք է նկատի առնել նաեւ միջազգային որոշակի իրավիճակ, որում հայտնվել է Ռուսաստանը, այդ թվում Հայաստանի ուղղությամբ իր քաղաքականության արդյունքում: Ինչպես ասում է քաղաքագետ Պավել Դալլաքյանը, Ռուսաստանը դառնում է թուրքական սայլի հինգերորդ անիվը: Հինգերորդ անիվն ավելորդ ու անպետք բան է, եւ թուրքերն այն քարշ կտան այնքան ժամանակ, մինչեւ լուծեն իրենց խնդիրները:
Ապրիլյան պատերազմը բացահայտեց այս իրավիճակը, եւ անցած երկու տարում այն միայն խորացել է:
Ռուսաստանը հայտնվել է բարդ իրավիճակում, երբ կորցնելով իր դիրքերը տարբեր ուղղություններով, հայտնվել է նույն խնդրի առաջ նաեւ Հարավային Կովկասում: Ռուսաստանը հայտնվել է «անխուսափելի դաշնակցի ու արժեքավոր գործընկերոջ» միջեւ, երբ ընտրություն իրականում չկա, այսպես կոչված պարիտետի քաղաքականությունը հասցրել է փակուղու:
Ռուսաստանն այդ առումով «կախված» է Հայաստանից, եւ Մոսկվայի համար ամենամեծ անակնկալը եղել է այն, որ Երեւանում հասկացել են դա: